01
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումը եւ ուրախ եմ, որ Դուք կատարեցիք Ձեր խոստումն ու եկաք Հայաստան: Մեր հարաբերություններն այսօր լավ մակարդակի վրա են, բայց բոլոր դեպքերում, դրանք միշտ էլ կարիք ունեն զարգացման եւ դրանց զարգացումը ապահովում են նաեւ բարձրաստիճան այցելությունները":

Երկրի ղեկավարի գնահատմամբ` հայ-բելգիական հարաբերությունները նորմալ են զարգանում թե տնտեսության բնագավառում, թե միջխորհրդարանական հարաբերությունների կտրվածքով եւ թե արտգործնախարարությունների երկխոսության մակարդակով: "Բայց, ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը որոշակի ուղղումներ է մտցնում թանկարժեք քարերի գների հետ կապված` դրանով պայմանավորված մեր երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ-ին պակասել է: Սակայն կարծում եմ, որ մենք կգտնենք ձեւերը, ուղղությունները, բնագավառները, որոնք կավելացնեն այն: Մենք լավատես ենք եւ գտնում ենք, որ մեր հարաբերությունները զարգանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն",-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը Հայաստանի առանձնահատուկ վերաբերմունքը Բելգիայի նկատմամբ պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ Բելգիան տեղ եւ հնարավորություն տվեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին` հաստատվելու այդ երկրում: Կարեւորելով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` Նախագահը երախտագիտություն է հայտնել նաեւ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

Բելգիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ հայ-բելգիական հարաբերություններն, իսկապես, շատ բարձր մակարդակի վրա են, եւ Բելգիան մշտապես կլինի Հայաստանի կողքին: Նրա խոսքով` այդ գործում էական դեր է խաղում նաեւ բելգիահայ համայնքը, որը ներկա է երկրի ներքին կյանքի բոլոր ասպարեզներում:

Նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում լուրջ զարգացումներ են տեղի ունենում եւ, իսկապես, պատմական պահ է` Բելգիայի խորհրդարանի ղեկավարը ցանկություն է հայտնել լսել Նախագահ Սարգսյանի տեսակետը գործընթացի վերաբերյալ:

"Մեր ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Ցեղասպանության փաստը եւ դրա ծանրագույն հետեւանքները",- ընդգծել է երկրի ղեկավարը` շարունակելով. "Ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, բայց մյուս կողմից` մենք հարեւաններ ենք եւ պարտադրված ենք հարաբերություններ ունենալ: Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթացը: Բայց, հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում մոռանալ կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը":Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է, որ գործընթացի սկզբից ի վեր որեւէ խոսք չի եղել եւ չկա նախապայմանների մասին:

Հանրապետության Նախագահը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները:

Բելգիայի Սենատի ղեկավարը հաջողություն մաղթելով Հայաստանի Նախագահին` ասել է, որ տարածաշրջանն, իրոք, շատ բարդ է` բազմաթիվ խնդիրներով, բայց նաեւ նկատել, որ այդ խնդիրների առանձին-առանձին լուծումները, կարծես, ճիշտ ճանապարհի վրա են:

← Վերադառնալ