30
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին

album picture
album picture
album picture
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ հանրային քննարկումների համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ընդայնված կազմի հետ:

Երկրի ղեկավարն իր բացման խոսքում ասել է. “Ուրախ եմ Հանրային խորհրդի ընդլայնված կազմով` հանձնաժողովների եւ ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, այս հանդիպման համար:

Հուսով եմ, ապագայում հնարավորություն կունենամ հանդիպելու Հանրային խորհրդի կառույցներում ընդգրկված բոլոր մարդկանց, եթե չեմ սխալվում, ավելի քան 1700 հոգու:

Անկեղծ ասած, երբ նախաձեռնում էի Հայաստանում այսպիսի կառույցի ձեւավորումը, պատկերացնում էի մոտավորապես այն, ինչին այսօր արդեն հասնում է Հանրային խորհուրդը` հասարակության տարբեր շերտերի, տարբեր խավերի կարծիքները ներկայացնող մարդկանց կազմակերպված քննարկման մի մեխանիզմ, որտեղ կարծիքներ են բախվում, որտեղ տեսակետներ են հնչում, այնուհետեւ այդ ամենը բերվում է մի համադրելի դաշտ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ քննարկումներն իրենց ընդգրկվածությամբ, ինտենսիվությամբ, նաեւ կազմակերպվածությամբ ապացուցեցին, որ Հանրային խորհուրդը կայանում է եւ կայանում է լավ տեմպերով:

Ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ Հանրային խորհրդի հանձնաժողովներում եւ ենթահանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումներին: Այսօրվա մեր հանդիպման նպատակն է` ի մի բերել կատարված աշխատանքը եւ տեսնել մեր հասարակության մեջ տիրող կարծիքների ողջ ներկապնակը”:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունները համակողմանիորեն քննարկվել են խորհրդի բոլոր հանձնաժողովներում, հնչած բոլոր կարծիքներն ու մտահոգությունները մանրամասն վերլուծության առարկա են դարձել: Արդյունքում կազմվել է խորհրդի դիրքորոշումն ու առաջարկություններն ամփոփող մի փաստաթուղթ, որով Հանրային խորհուրդը կողմ է արտահայտվում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը` միաժամանակ մատնանշելով մի շարք մտահոգություններ:

Ավելի քան երկուսուկես ժամ տեւած շահագրգիռ ու անկաշկանդ քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքներն ու նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահն իր ամփոփիչ խոսքում պարզաբանումներ է տվել հնչած տեսակետների վերաբերյալ:

Նշելով, որ տարօրինակ ոչինչ չկա, որ շատ մարդկանց մոտ մտավախություններ, հարցեր են առաջանում, Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ հայկական կողմը ընդամենը փորձում է ստեղծել շատ թե քիչ տանելի մի միջավայր, որում կարող է սկսվել հիմնական աշխատանքը, երկխոսությունը: “Սա է մեր քայլերի նպատակը”,-ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ նույն միտքը տարբեր մարդկանց կողմից կարող է տարբեր կերպ մեկնաբանվել. “Որեւէ մեկը կարո՞ղ է ցույց տալ չորս-հինգ կետից բաղկացած միջազգային մի պայմանագիր, որը չի կարելի տարբեր ձեւերով մեկնաբանել: Դա արվում է ոչ դիտավորությամբ: Ընդհանրապես, ցանկացած փաստաթուղթ, նույնիսկ գեղարվեստական ստեղծագործություն այստեղ նստած հարյուր մարդուց ութսունը կարող են տարբեր կերպ ընկալել: Մենք բոլորս ունենք մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը, եւ սա է, որ բոլորս պետք է ընկալենք ու հասկանանք”:

Նախագահն անդրադարձել է նաեւ հնչած մտավախություններին ու մտահոգություններին եւ նշել. “Իսկ ե՞րբ մենք դրանք չենք ունեցել. երբ քվեարկում էինք Հայաստանի Հանրապետության անկախության համար, բոլորս հարյուր տոկոսով վստա՞հ էինք, որ ամեն ինչ հարթ է ընթանալու: Ես անձամբ շատ մեծ ապրումներ ու մտահոգություններ եմ ունեցել, երբ Լեռնային Ղարաբաղում ստիպված, պարտադրված էինք զինված պայքարի”: Նշելով, որ մտավախություններ միշտ էլ կան, Սերժ Սարգսյանն ընդգծել է. “Ես ուղղակի ասում եմ, որ այսպես ապրելն ու շարունակելը ճիշտ չէ: Մենք պետք է ունենաք բնականոն հարաբերություններ, իսկ դրանք ունենալու համար պետք է սկսենք խոսել: Իմ ասածը սա է: Եթե որեւէ մեկը խոսելուն դեմ է, ես միայն ու միայն հարգանքով կվերաբերվեմ այդ մարդուն, եթե նա չորս, հինգ, տասնհինգ տարի առաջ էլ դեմ էր: Բայց, երբ տեսնում ես, որ խոսողները շատ են, իսկ նրանց նպատակը հույզերի վրա խաղալով դիվիդենտներ շահելն է, սա արդեն վատ է: Իհարկե, կան քաղաքական կուսակցություններ եւ մարդիկ, ովքեր համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Այս դեպքում մենք այդ կարծիքը պետք է հարգենք”:

Պատասխանելով այն հարցին, թե սահման բացել, նշանակո՞ւմ է արդյոք ճանապարհ բացել, Նախագահն ասել է. “Իսկ ուրիշ ի՞նչ կարող է նշանակել` միայն ու միայն` ճանապարհ բացել”:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ժողովրդագրական, կրոնական, տնտեսական հնարավոր էքսպանսիայի շուրջ մտահոգություններին եւ նշել. “Այդ մասին խոսողները հաշվարկե՞լ են, թե՞ ուղղակի ասում են` Թուրքիան մեծ պետություն է, մենք պետք է վախենանք այդ մեծ պետության հետ հարաբերությունների մեջ մտնելուց: Ես չեմ կիսում այդ կարծիքը: Բացի այն, որ զուտ տեսականորեն չեմ կիսում, նաեւ պրակտիկայում զրուցել եմ բազմաթիվ գործարարների հետ: Նրանք ինձ միայն մեկ բան են ասել` մեր շուկան 3 միլիոնանոց է, իսկ Թուրքիայինը` 70, եւ մենք առնվազն 23 անգամ ավելի մեծ հնարավորություններ ենք ստանում: Եվ, ի վերջո, բոլոր հարցերը կարգավորվում են օրենքով: Եթե դրա անհրաժեշտությունը տեսնենք, օրենքով կկարգավորենք: Թուրքիան Եվրոպական մաքսային միության, Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ է”:

Նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթանում է առանց նախապայմանների: Իր քաղաքականության քննադատներին նա հիշեցրել է, որ նրանք դեռեւս մեկուկես-երկու տարի առաջ հնարավորություն ունեին ներկայացնել իրենց կարծիքը. “Մենք ունեցել ենք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, եւ այսօրվա մեր քննադատներից մեկը կարող էր վեր կենալ եւ ասել` նախընտրական այս ծրագրում կամ փաստաթղթում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դրույթն ընդհանրապես դատապարտելի է: Ինչո՞ւ այն ժամանակ այս հարցերի մասին չէին խոսում”:

Անդրադառնալով հնչած հարցին` թե, իբր, այս գործընթացում ճնշումներ կային եւ դրանց արդյունքում է հայկական կողմը գնացել այս բանակցություններին, եւ եզրակացությանը, թե կարող են ճնշումներ լինել Ղարաբաղի խնդրում, Նախագահն ասել է. “Որեւէ մեկը մեզ չի պարտադրել Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման: Եւ եթե միջազգային կառույցները, տարբեր երկրներ այս թեմայով խոսում են, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել` ճնշում, բանակցություններ, հորդոր, առաջարկություն եւ այլն: Որեւէ մեկը, նորից եմ կրկնում, մեզ չի ճնշել: Որեւէ մեկը ինձ չի ստիպել Թուրքիայի Նախագահին հրավիրել Հայաստան”:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ պատմական հարթության հարցերի մասին եւ մեկ անգամ եւս ասել, որ թուրքերի հետ հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում Ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել եւս` այն մոռանալ: “Դա ուղղակի անհնար է: Որեւէ նորմալ մտածող հայ մարդ չի կարող Ցեղասպանությունը մոռանալ”,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են ուրիշներին մեղադրել դավաճանության մեջ, սկզբից իրենք պետք է մտածեն, որովհետեւ առաջին հերթին դավաճանություն է նեղ անձնական շահերով առաջնորդվելը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շատ հստակ գիտակցում է, թե ինչ ծանր գործընթացի մեջ ենք մտել, շատ հստակ գիտակցում է, որ ցանկացած քաղաքական գործընթաց ունի նաեւ գին, եւ պատրաստ է վճարելու այդ գինը:

Սերժ Սարգսյանի խոսքով` “եթե ի վիճակի չենք թուրքերի հետ բանակցություններ վարելու, եթե պատրաստ չենք, էլ ինչո՞ւ ենք անկախացել, կմնայինք ինչպես կայինք, եւ մեր փոխարեն մեր քաղաքականությունը կորոշեին, ինչպես որոշում էին: Սովետական Միությունը հինգ անգամ ճանաչել է Կարսի պայմանագիրը, իսկ մենք դառնալով ԱՊՀ անդամ, դեռ մի կողմ թողնենք ՄԱԿ-ին անդամակցությունը, պարտավորվել ենք լինել Խորհրդային Միության կողմից կնքված բոլոր պայմանագրերի իրավահաջորդը: Այն ժամանակ ինչո՞ւ չէինք խոսում: ԱՊՀ մտնելու ժամանակ մի վերապահում գրեինք, որ ամեն ինչ ընդունում ենք, բայց Թուրքիայի մասով սա չենք ընդունում: Ինչո՞ւ չենք արել, եթե իրոք ուզում ենք, որ Կարսի պայմանագիրն ընդհանրապես չճանաչվի: Պե՞տք է արդյոք այդ պայմանագիրը ճանաչել, թե` ոչ. այս փաստաթուղթն այդպիսի խնդիր չի լուծում: Այս երկխոսության ընթացքում մենք պետք է կարողանանք հասկանալ` ի՞նչն է մեզ ավելի ձեռնտու եւ ո՞ր ճանապարհով ենք գնալու` նոր պայմանագի՞ր ենք ստորագրելու, ընդհանրապես ոչինչ չե՞նք ստորագրելու, թե՞ նախկինում կնքված պայմանագրերն ենք հիմք ընդունելու: Իհարկե, շատ-շատ խնդիրների շուրջ ունենք ուսումնասիրություններ, ունենք հանձնարարություններ, այդ թվում նաեւ` այդ պայմանագրի հետ կապված: Դա արդեն զուտ մասնագետների գործն է: Մասնագետները պետք է քննեն եւ տան առաջարկություններ: Նորից եմ կրկնում` նախաստորագրված փաստաթղթերն այս հարցին որեւէ լուծում բացարձակապես չեն տալիս”:

Նախագահ Սարգսյանը Ղարաբաղի խնդրի հետ կապված նկատել է, որ շատ դեպքերում մեկնաբանություններն անհեթեթության են հասնում. “Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ ինձ փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել, եւ երբ պետք էր այնտեղ լինել, նրանք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին: Ինձանի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Ես ինչո՞ւ պետք է զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ, ի՞նչը պետք է ինձ շահագրգռի”:

Սերժ Սարգսյանն ասել է, որ արձանագրություններում Ղարաբաղի մասով ակնարկ անգամ չկա, իսկ շատ մարդիկ հայ-թուրքական երկխոսության եւ ղարաբաղյան խնդրի միջեւ կապի մասին խոսում են հիմք ընդունելով թուրքական կամ ադրբեջանական հայտարարությունները: Նախագահը տարօրինակ է համարել, որ թուրքական կամ ադրբեջանական կողմի հայտարարությունները որպես անվերապահ ճշմարտություններ են ընդունվում:

Նախագահը չի բացառել, որ Թուրքիան, գուցե` նաեւ այլ պետություններ, փորձեն առիթն օգտագործել ասելու, թե անհրաժեշտ է ղարաբաղյան խնդիրն արագ լուծել ապա եւ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: “Դա ընդամենը նրանց ցանկությունն է եւ ոչ մեր: Եւ այս գործընթացին ուշադիր հետեւող ցանկացած մեկը կտեսնի, որ թուրքերի հետ մեր բոլոր հայտարարություններից հետո Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, Ֆրանսիան առանձին հայտարարություններ են արել այն մասին, որ այս խնդիրները փոխկապակցված չեն, եւ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների”,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով` “Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անշուշտ, եւս պետք է լուծվի: Բայց մենք պետք է լուծենք այնպես, ինչպես այս ամբողջ անցած տարիների ընթացքում ասվել է: Երբ մենք բանակցությունների միջոցով հասնենք մի այնպիսի լուծման, որը տեւական խաղաղություն է բերելու տարածաշրջանին, հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղին զարգանալ, այդ ժամանակ եւս հասարակական քննարկումներ կկազմակերպենք: Բայց, եթե մենք չտեսնենք նման լուծում, ոչինչ չի կարող մեզ ստիպել գնալու դրան: Այն ժամանակ, ուրեմն, բոլորս ազգովի պետք է հավաքվենք եւ ասենք, որ պատրաստ ենք կռվելու եւ գնանք կռվելու: Այդ ժամանակ Հանրային խորհուրդը, թերեւս, պետք է ցուցակագրի բոլոր այն մարդկանց, ովքեր էլի պետք է թաքնվեն անկյուններում եւ սպասեն, թե ալեկոծությունները երբ կավարտվեն, որ հետո նորից դուրս գան ջրի երես”:

Անդրադառնալով հնչած մտահոգությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են դառնալ համայնքների ուծացման պատճառ, Նախագահն ասել է, որ ուծացման վտանգը միշտ էլ եղել է, դրա դեմ պայքարել ենք եւ պետք է շարունակել պայքարը ժամանակակից մեթոդներով:

← Վերադառնալ