29
09, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակակիրներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողներին եւ աշակերտներին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին եւ մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարեւորել է "Սինոփսիս Արմենիա" ընկերության նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն եւս մեկ հնարավորություն է` բացահայտելու եւ զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները: "Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված եւ ժամանակակից սերունդն է, առաջին հերթին նկատի ունենք այնպիսի երիտասարդներին, ինչպիսին դուք եք: Այսօր աշխարհում հասարակությունների զարգացածության մակարդակը չափվում է նաեւ դրանցում բարձր տեխնոլոգիաների տարածվածության աստիճանով: Այդպիսի հասարակություննները ենթադրում են բարձր կրթական մակարդակ, փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հետեւաբար, եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը մրցունակ լինի, պարտավոր ենք լուծել այս խնդիրները: Ուզում եմ վստահեցնել, որ ձեր աշխատանքը պահանջված է, գնահատված եւ պետությունը մշտապես սատարելու է ձեզ նման երիտասարդներին",- ասել է Սերժ Սարգսյանը:

Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին եւ "Սինոփսիս Արմենիա" ընկերության ղեկավարությանը` ցուցաբերվող ուշադրության եւ գիտելիքների կատարելագործման ընձեռված հնարավորությունների համար:

Հանդիպմանը ներկա "Սինոփսիս" ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանն ասել է, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի եւ շարունակելու է ներդրումները տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական ոլորտում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ սա այն դեպքերից է, երբ պետության եւ մասնավոր ընկերության շահերը լավագույնս համընկնում են, ուստի, պետությունը պատրաստ է սատարելու ընկերության` այդ շահերին ծառայող նախաձեռնություններին:

Սերժ Սարգսյանը "Սինոփսիս" ընկերության փոխնախագահ, "Սինոփսիս Արմենիա" ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին պարգեւատրել է հատուկ մրցանակով` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար:

← Վերադառնալ