24
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Նախագահն ու Վեհափառը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ գործընթացը թեւակոխել է մի շատ կարեւոր` հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նշել է, որ գնալով ընդլայնվող քննարկումներն ինքնին շատ օգտակար են, քանի որ, անկախ այն բանից` հրապարակված արձանագրությունները կստորագրվեն թե` ոչ, կվավերացվեն, թե` ոչ, քննարկումները լավ հարթակ են` խոսելու մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին: "Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ եւ տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները: Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են",-ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի եւ համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Գարեգին Երկրորդը ողջունել է Նախագահի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը: "Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին եւ մտահոգություններին",- ասել է Վեհափառը:

Կաթողիկոսը հայտնել է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ:
"Մեծարգո Նախագահ, մաղթում ենք Ձեզ հաջողություններ: Աստծո օրհնությունն ու օգնականությունը Ձեզ այս կարեւոր ճամփին",-ասել է Վեհափառը:

← Վերադառնալ