23
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Միկոլայ Դովգիլեվիչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լեհաստանի հետ մեր երկրի հարաբերությունները եւ շահագրգռություն հայտնել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում դրանք ընդլայնել: Երկրի ղեկավարի համոզմամբ` հայ-լեհական փոխգործակցությանը նոր որակ կարելի է հաղորդել Եվրամիության "Արեւելյան գործընկերության" շրջանակում:

Նախարար Միկոլայ Դովգիլեվիչը "Արեւելյան գործընկերությունը" համարել է գործակցության լավագույն մոդելներից եւ նշել, որ Հայաստանը Գործընկերության առաջատար երկրներից է, լիովին ներգրավված է ծրագրում եւ կարող է առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից:

Հանրապետության Նախագահն ասել է, որ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին եւ լիարժեք օգտագործել առկա ներուժը: "Մեր նպատակը տարբեր ոլորտներում լայնածավալ բարեփոխումների իրականացումն է, որպեսզի մեր երկրի քաղաքական, տնտեսական համակարգը համահունչ լինի այն երկրներին, որոնց հետ ձգտում ենք գործընկերության",-ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

← Վերադառնալ