11
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկրներում ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆարիդ Մուխամետշինին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինին: Նա Երեւանում է այս օրերին Հայաստանում անցկացվող "Ռուսական խոսքի օրերի" շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բարձր հովանավորությամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ "Ռուսական խոսքի օրերի" անցկացումը մեր երկրում դառնում է բարի ավանդույթ եւ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության անբաժանելի մասը:

Կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի: Հանրապետության Նախագահն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր, նաեւ քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Խոսվել է նաեւ Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի գործունեության, համատեղ կրթական, մշակութային ծրագրերի իրականացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության նոր հնարավորությունների մասին:

Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տվել հումանիտար ոլորտում գործակցությանը եւ ընդգծել, որ այն նպաստում է երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը, հոգեպես հարստացնում եւ ամրապնդում է երկու երկրների բարեկամությունը:

← Վերադառնալ