27
08, 2009

Նախագահ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում

album picture
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ:

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:

Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ամրագրել կատարման հստակ ժամկետներ:

Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ տեղյակ է ընթացիկ խնդիրներին, Հանրապետության Նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաեւ խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին:

Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` Նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի:

"Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը",- նշել է Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ