05
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը, որը Հայաստանում է օգոստոսի 1-8-ը այստեղ առաջին անգամ անցկացվող ՀՄԸՄ խաղերին մասնակցելու նպատակով:

Ողջունելով ստուգատեսի մասնակիցներին` երկրի ղեկավարը կարեւորել է այն իրողությունը, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հերթական խաղերն այս տարի, Միության պատմության մեջ առաջին անգամ, տեղի են ունենում Հայաստանում: "Կարծես թե տարեցտարի Հայաստանում սկսում ենք ավելի շատ համահայկական միջոցառումներ անցկացնել: Իսկ սա լավագույն ճանապարհներից մեկն է` ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, օժանդակելու հայապահպանությանը եւ հասնելու մեր ամենացանկալի իրողություններից մեկին` մեր միասնականությանը",- նշել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մշտապես աջակցելու է սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին: "Հայաստանի Հանրապետության հնարավորությունները գնալով մեծանալու են, եւ դրան զուգահեռ` անպայման աշխատելու ենք մեր դերակատարությունը բարձրացնել, որովհետեւ համոզված ենք, որ սփյուռքն ուժեղ է Հայաստանով, Հայաստանն ուժեղ է սփյուռքով: Սփյուռքով Հայաստանը 10 միլիոնանոց ժողովուրդ է, որ ունի ռեսուրսներ, մեծ հնարավորություն եւ ցանկություն` ստեղծելու փոքրիկ, բայց շատ գեղեցիկ եւ զարգացած մի երկիր",- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ուրախությամբ նշել է, որ այս տարին տարբերվում է համահայկական միջոցառումների թե՛ քանակով, թե՛ որակով: "Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ "Արի տուն" ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մեր երիտասարդ հայրենակիցներին: Հաշված օրեր անց` Հայաստանում մեկնարկում են Համահայկական խաղերի ֆուտբոլի եւ բասկետբոլի առաջնությունները, որոնց կմասնակցեն շուրջ 700 մարզիկներ: Այսօր հանդիպում եմ ձեզ` քննարկելու Հայ մարմնակրթական ընդհանուր միության համահայկական խաղերի անցկացման գործընթացը, որոնց, ինչպես տեղյակ եմ, մասնակցելու են բոլոր մայրցամաքներից Երեւան ժամանած մեր 450 մարզիկներ ու բազմաթիվ հայրենակիցներ",- նշել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ոգեւորիչ է համարել փաստը, որ խաղերի մասնակիցները երիտասարդներ են, ում համար այս ժամանակաշրջանը կարող է դառնալ նաեւ հայրենիքի ճանաչողության, իրենց հասակակիցների հետ ընկերանալու ու կապեր հաստատելու կարեւոր հնարավորություն: "Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, խաղերի մասնակիցներին: Բայց այսպիսի դեպքերում ես սիրում եմ կրկնել, որ կարեւորը մարզական արդյունքները չեն, այլ որ Հայաստան են եկել հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը միգուցե նախկինում Հայաստանում չի եղել, եւ որ սա շատ լավ հնարավորություն է` զգալու հայրենքի ուժը, տեսնելու այն կենարար աղբյուրը, որ հազարամյակներ շարունակ մեր ժողովրդին սնում է, պահպանում: Դա, իմ համոզմամբ, առավել կարեւոր է, քան որեւէ մարզական նվաճում: Այդ ճանաչողությունը կարող է դառնալ հայապահպանության այն լիցքը, որ մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է ստանա հենց Հայաստանից",- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ դարեր շարունակ Հայաստանը եղել եւ մնում է համայն հայության երազանքների հանգրվանը` Նախագահն ասել է. "Եվ պիտի լինի, քանզի հայ ինքնության հանելուկի բանալին հենց Հայաստան երկիրն է: Այլընտրանք չկա: Արհավիրքների եւ դրանց հետեւանքների վերացման շուրջ համախմբվածությունն ու միաբանությունը ժամանակի հետ անհետանում են: Ես էլի եմ առիթ ունեցել պնդելու, որ եկել է հայաստանակենտրոն սփյուռքի ժամանակը:

Ազգովին մենք այլեւս ունենք մեր սեփական, անկախ պետությունը, որն էլ հենց դառնալու է հայ ժողովրդին դեպի ապագա առաջնորդող փարոսը: Համոզված եմ, որ համահայկական միջոցառումների անցկացման, սփյուռքի խնդիրների լուծման եւ ընդհանրապես հայ տեսակի պահպանման ու նաեւ զարգացման գործում տարեցտարի անընդհատ ավելանալու է մեր պետության դերը, մասնակցությունն ու առաջնորդությունը":

Այնուհետեւ երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել լսել ներկաներին, քննարկել նրանց հետաքրքրող հարցերը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա զարգացումներին, նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում` ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ եւ ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում:

Երկրի ղեկավարի խոսքով` բանակցությունների արդյունքում ձեւավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի եւ հանրության համակողմանի քննարկմանը եւ վերջնական որոշում կայացվելու է ըստ այդմ:

Հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման մասին է:

← Վերադառնալ