03
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Օրենբուրգ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Օրենբուրգի մարզի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշեւի հրավերով օգոստոսի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Օրենբուրգ` մասնակցելու Հայկական ազգային տան բացման հանդիսավոր արարողությանը:

Օրենբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հուշարձանին: Նույն օրը Սերժ Սարգսյանը եղել է Հաղթանակի զբոսայգում, ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին, շրջայց կատարել զբոսայգում, ծանոթացել Օրենբուրգի մարզի պատմությանն ու մշակույթին, 2-րդ համաշխարհային պատերազմին մարզի բազմազգ բնակչության մասնակցության ու ժամանակի զինտեխնիկայի ցուցանմուշներին, ծառ տնկել Հաղթանակի զբոսայգու պատվավոր հյուրերի ծառուղում:

Նույն օրը երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Օրենբուրգի եւ հարակից այլ մարզերի հայկական համայնքների ու Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներին համախմբող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այսօր առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Օրենբուրգի մարզի նախահանգապետ Ալեքսեյ Չեռնիշեւին: Վերջինս շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին իր հրավերն ընդունելու եւ Օրենբուրգ ժամանելու համար` համոզմունք հայտնելով, որ մի կողմից ռազմավարական գործընկերներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա դաշնակցային հարաբերություններն ու քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը լավ ազդակ են նաեւ միջմարզային բնագավառում հայ-ռուսական փոխգործակցությունը խորացնելու, զարգացնելու եւ նոր որակի հասցնելու համար:

Ալեքսեյ Չեռնիշեւը բարձր է գնահատել Օրենբուրգի նահանգի հայ համայնքի դերը եւ տասնամյակների նշանակալի ներդրումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման եւ մշակութային կյանքի հարստացման գործում:

Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Չեռնիշեւի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկետների միջեւ ուղիղ փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է գործարար շփումների ակտիվացումը եւ տնտեսական փոխշահավետ համագործակցության առկա ներուժի իրացումը:

Նախագահ Սարգսյանը Օրենբուրգի նահանգապետին եւ մարզի գործարար շրջանակներին հրավիրել է Հայաստան:

Օրենբուրգի նահանգապետը նկատել է, որ Նախագահ Սարգսյանի այցը եւ մասնակցությունը Հայկական ազգային տան բացման արարողությանը երկարատեւ ազդեցության դրական եւ խորհրդանշական ազդակ է կապերի հետագա ընդլայնման եւ գործարար շփումների ակտիվացման համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահին Օրենբուրգի նահանգապետը տեղեկացրել է նաեւ, որ շուտով ավարտին կհասցվի հողահատկացում կատարելու գործընթացը Օրենբուրգում հայկական եկեղեցի կառուցելու համար (Օրենբուրգի մարզում բնակվող մեր հայրենակիցների թիվը կազմում է շուրջ 15000):

Նախագահ Սերժ Սարգսյանը կեսօրին մասնակցել եւ ելույթ է ունեցել Օրենբուրգի կենտրոնում Հայկական ազգային տան բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Դիմելով Հայկական ազգային տանը հարակից պուրակում հավաքված մեր հազարավոր հայրենակիցներին` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. "Չափազանց ուրախ եմ նման հաճելի իրադարձության կապակցությամբ մեր հանդիպման համար: Ցանկանում եմ, որ դուք իմանաք` Հայաստանում գիտեն ձեր համայնքի մասին, ձեր ձեռքբերումների ու խնդիրների մասին: Ազգային արմատների պահպանումը, ինքնակազմակերպվածությունը, հայոց լեզվի, մեր նախնիների հարուստ մշակութային ժառանգության փոխանցումը երիտասարդ սերնդին, իհարկե, հեշտ գործ չէ, բայց դուք կարողանում եք դա անել եւ դա շատ մեծ ու կարեւոր ձեռքբերում է: Հայաստանը միշտ բաց է ձեզ համար: Ռուսաստանը ձեզ համար դարձել է երկրորդ հայրենիք, իսկ դուք նրա ակտիվ եւ օրինապահ քաղաքացիներն եք: Մեկ անգամ չէ, որ ես ասել եմ եւ չեմ վարանում նորից կրկնել` Սփյուռքի լավ հայը այն հայն է, ով իր կեցության երկրի օրինապահ քաղաքացին է, այդ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական կյանքի ակտիվ մասնակիցը: Մի՛ մոռացեք, որ ձեր համերկրացիները, ձեր հարեւանները մեր ժողովրդի մասին կարծիք են կազմում ձեր միջոցով: Սա մեծ պատասխանատվություն է: Դուք պատվով կրում եք այդ պատասխանատվությունը եւ մենք հպարտ ենք ձեզանով":

Հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալեքսեյ Չեռնիշեւը շրջայց են կատարել Հայկական ազգային տան թանգարանում, ծանոթացել ազգագրական ցուցանմուշներին: Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Հայկական ազգային տան պատվավոր հյուրերի մատյանում:

Ավարտելով աշխատանքային այցը Օրենբուրգի մարզ` Հայաստանի Հանրապետության Նախագահն այսօր օրվա երկրորդ կեսին վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ