28
07, 2009

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը:

"Հարգելի պարոն Նախագահ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Երկրի ղեկավարի մակարդակով սա առաջին այցելությունն է, եւ ես համոզված եմ, որ այն թելադրված է հայ-սերբական պատմական, բարեկամական կապերը միջկառավարական հարաբերություններում ամրապնդելու անկեղծ ցանկությամբ: Ցավոք, մինչ այսօր մեր հարաբերությունները շատ թույլ էին զարգացած, ինչը չի համապատասխանում ոչ մեր պատմական առնչություններին եւ ոչ էլ առկա հնարավորություններին: Կարծում եմ, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն հնարավորություն է տալիս, այլ նաեւ պարտադրում է մեր հարաբերություններին նոր որակ հաղորդել: Ահա այդ ցանկությամբ է, որ ես Ձեզ հրավիրել եմ Հայաստան եւ վստահ եմ, որ Ձեր այցելությունը խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար", - ասել է Սերժ Սարգսյանը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է բարեկամանալ Սերբիայի հետ եւ այդ ճանապարհին ջանքեր ներդնել: Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես սկիզբ աշխուժացնել հոգեւոր-մշակութային կապերը` նշելով, որ այն լավ հող կնախապատրաստի տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար:

Բորիս Տադիչը ողջունել է Նախագահ Սարգսյանի առաջարկը` ասելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին, եւ Հայաստանի Նախագահի` Սերբիա կատարելիք այցի ժամանակ արդեն առկա կլինեն առաջին արդյունքները:

Կողմերը խոսել են նաեւ տրանսպորտային հաղորդակցության, տնտեսության բնագավառում համագործակցության ուղիների մասին` նշելով, որ տնտեսական բաղադրիչը մեծապես կխթանի հայ-սերբական կապերի զարգացումը:

Բորիս Տադիչն ասել է, որ Սերբիան մտադիր է առաջիկայում դեսպանատուն բացել Հայաստանում, որպեսզի Աթենքի նստավայրում պաշտոնավարող դեսպանը հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նպաստի տեղում:

Նախագահներ Սարգսյանն ու Տադիչը մտքեր են փոխանակել նաեւ կովկասյան եւ բալկանյան տարածաշրջաններում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին` երկուստեք կարծիք հայտնելով, որ դրանք կարող են եւ պետք է լուծվեն միայն բանակցությունների եւ խաղաղ գործընթացների միջոցով:

← Վերադառնալ