23
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին

album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը:

Երկրի ղեկավարը ողջունել է Բանկի արագ արձագանքը եւ հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Հյուսիս-հարավ երկաթուղու, Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար:

Փոխնախագահ Ճաոն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:

Բարձր գնահատելով Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ձեւավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը եւ տպավորված է դրանց ընթացքից:

Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները:

Կարեւորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաեւ մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը:

Նախագահ Սարգսյանը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաեւ կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան:



← Վերադառնալ