20
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության "Եռյակի" պատվիրակությանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս ժամանած Եվրամիության "Եռյակին"` Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի գլխավորությամբ:

Ողջունելով Եվրամիության եռյակի այցը Հայաստանի Հանրապետություն` Նախագահ Սարգսյանն ասել է. "Այն, որ դուք Ձեր նախագահությունը սկսում եք Հարավային Կովկաս այցելությամբ, խոսում է մեր տարածաշրջանի, մեր երկրի հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: Մենք սա համարում ենք տրամաբանական, քանի որ Շվեդիան կանգնած է Եվրամիության Արեւելյան գործընկերության ակունքներում": Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը անկախությունից ի վեր մշտապես կարեւորել է Եվրամիության հետ հարաբերությունները, եւ այսօր էլ այն համարում է իր արտաքին քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ մասը: Համոզմունք հայտնելով, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության օրոք կամրապնդվեն Արեւելյան գործընկերության հիմքերը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գործընկերությունը հնարավորություններ է տալիս խորացնել հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ համագործակցություն ծավալել Արեւելյան վեցնյակի միջեւ:

ԵՄ նախագահող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինչպես իրավացիորեն նկատել է Նախագահ Սարգսյանը, Շվեդիայի նախագահության առաջին այցելությունը Հարավային Կովկաս է եւ շեշտել է, որ սա ցույց է տալիս այն կարեւորությունը, որ իրենք հատկացնում են տարածաշրջանին, նրա խնդիրներին եւ Արեւելյան գործընկերությանը:

Կողմերը հանգամանալի քննարկում են ծավալել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը եւս մեկ անգամ ընդգծել է այն կարեւորությունը, որ Եվրամիությունը տալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ իրենց աջակցությունը խնդրի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք օր առաջ խնդիրը քննարկել է Ադրբեջանի Նախագահի հետ: Նրա խոսքով` այս քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Սերժ Սարգսյանը սա ինչ-որ տեղ նաեւ օժանդակություն է համարել, քանի որ, ըստ Նախագահի, "ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում: Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո եւս մեր հարեւան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը եւ իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա: Գիտեք, որ հիմա մենք քննարկում ենք մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետեւ պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը: Կարծում եմ, արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ եւ ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձեւակերպում տալ, որը որեւէ երկմտանք չի առաջացնի, այնուհետեւ, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն":

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ ԵՄ-Հայաստան օրակարգային հարցերը, մասնավորապես անդրադարձել են ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորություններին, տնտեսական փոխգործակցության հեռանկարին, խորացված ազատ առեւտրի համաձայնագրի հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Խոսվել է նաեւ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման հնարավորության մասին: Այս խնդիրը մեր երկրի համար Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ այն պատճառով, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը բնակվում է Հայաստանից դուրս:

← Վերադառնալ