17
07, 2009

Մոսկվայում կայացել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները

album picture
album picture
Մոսկվայի "Պրեզիդենտ" հյուրանոցում այսօր կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեյի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները եւ արտգործնախարարները:

Կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների` այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

← Վերադառնալ