10
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:

Հանրապետության Նախագահը շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Բրազիլիայի հետ, եւ դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ: Ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը: Մասնավորապես, երկու երկրները չունեն տարաձայնություններ, Բրազիլիան հզոր երկիր է` հզոր տնտեսությամբ, երկու երկրներում արտադրվում են ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ միմյանց շուկաներում, եւ վերջապես` Հայաստանը եւ Բրազիլիան կապող կարեւորագույն օղակ է բրազիլահայ համայնքը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը` ստեղծած բոլոր այն հնարավորությունների համար, որոնք մեր հայրենակիցներին թույլ են տվել հաստատվել, զարգանալ` պահպանելով ազգային ինքնությունն ու մշակույթը: ՙՄենք մշտապես երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահերին ձեռք են մեկնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրելու ու արարելու համար՚,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Նիկոդեմոսը գոհունակությամբ նշել է, որ Բրազիլիան առաջին Լատինաամերիկյան երկիրն է, որ դեսպանատուն է բացել Հարավային Կովկասում` մասնավորապես` Հայաստանում եւ մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Դիվանագետը հատուկ ընդգծել է ոչ մեծաթիվ, սակայն ներկայանալի բրազիլահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում:

Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Բրազիլայի միջեւ ապրանքաշրջանառությունը տպավորիչ աճ է արձանագրել եւ կարեւորել են հետագա աշխատանքն այդ ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նաեւ երկու երկրների արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցների շրջանակում եւ Բրազիլիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

← Վերադառնալ