02
07, 2009

Նախագահ Սարգսյանը հանդիպել է "Կենգուրու" մրցույթի հաղթողների եւ մեդալակիր շրջանավարտների հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մաթեմատիկայի "Կենգուրու" մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների եւ այս տարվա մեդալակիր դպրոցական շրջանավարտների հետ:

Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում ասել է.

“Սիրելի երեխաներ, երիտասարդներ,

ես ուրախությամբ եւ հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Քիչ առաջ դուք հնարավարություն ունեցաք շրջելու պաշտոնական հանդիպումների եւ արարողակարգերի համար նախատեսված դահլիճներում, ծանոթանալու արարողակարգային որոշ նրբությունների: Կարծում եմ, հետաքրքիր էր ձեզ համար:

Եթե հիշում եք, ես ամիսներ առաջ հայտարարեցի, որ բոլոր այն երեխաներին, ովքեր կառանձնանան իրենց հասակակիցներից գիտելիքներով, կդառնան օլիմպիադաների հաղթողներ, մրցանակակիրներ, ես կհրավիրեմ նախագահական նստավայր, կսեղմեմ նրանց ձեռքը եւ հրապարակավ շնորհակալություն կհայտնեմ հաջողությունների համար: Շնորհակալ եմ ձեզ` ձեր ձեռքբերումների համար: Կարծում եմ, դուք կարողացել եք ձեր հասակակիցներին, ձեր ծնողներին, հարազատներին ապացուցել, որ կարողանում եք խնդիրներ լուծել, կարողանում եք ուրիշներից տարբերվել ձեր տրված շնորհով, տաղանդով եւ ունակություններով: Իսկ սա շատ մեծ բան է:

Գիտեք, մեր ժողովուրդն, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իր դարերի փորձը խտացնում է կարճ խրատներում: Վստահ եմ, ձեզնից շատերը ծնողներից լսել են` "սովորեք, որ մարդ դառնաք": Ովքեր տարիքով ավելի մեծ են, երեւի թե, բազմաթիվ անգամներ կասկածել են այդ պարզ ու ճշմարիտ մտքի իրական լինելու մեջ, բայց նաեւ առիթներ են ունեցել համոզվելու, որ դա, իրոք, այդպես է:

Վստահ եմ, այսօր եւ դուք, եւ մենք բոլորս համոզվել ենք, որ լավ սովորելը, գիտելիք ունենալը լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու համար շատ կարեւոր նախապայման է: Ուզում եմ ինձանից լսեք, որ ձեր առավելությունը ձեր հասակակիցների նկատմամբ նաեւ նրանում է, որ դուք ոչ միայն ավելի շատ գիտելիքներ ունեք, քան նրանք, այլեւ դուք առանձնանում եք. առանձնանում եք ձեր լավագույն հատկանիշներով, իսկ առանձնանալ լավագույն հատկանիշներով նշանակում է լինել ուժեղ մարդ, լինել լավ մարդ, լինել պատրաստ դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ դեռեւս կյանքը ձեզ կառաջադրի:

Գրեթե վստահ եմ, որ ձեզանից շատ-շատերը մտածում են, թե այսօր ես կխոսեմ գիտելիքի հասարակության, մեր պետության եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների ու նաեւ այն մասին, թե դուք ինչպես պետք է մասնակցեք այդ խնդիրների լուծման գործին: Բայց, կարծում եմ, դուք մի քանի տարի հետո շատ ավելի լավ, քան ես, կձեւակերպեք այդ խնդիրները: Ուզում եմ, որ այսօր մենք անուղղակի խոսենք դրանց մասին եւ միասին մտածենք, թե դուք ինչ ունեք եւ ինչ է ձեզ սպասում ապագայում:

Աստված ձեզ տվել է շնորհ եւ տաղանդ, մեր պապերը կարողացել են պահպանել մարդկության մեր տեսակը, մեր երկիրն ու մշակույթը եւ այդ գենը փոխանցել մեզ: Իմիջայլոց, ուզում եմ ասել, ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ մեր նախապապերն ունեցել են մեծ, հզոր երկիր, լայնածավալ տարածքներ, բայց նրանցից հետո եկողները չեն կարողացել պահել-պահպանել այդ հզորությունը: Ձեզնից ավելի ավագները, վստահ եմ, տեղյակ են, որ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում ապրում էին թվով ավել մեծ ժողովուրդներ, կային տարածքով շատ ավելի մեծ պետություններ, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք չկարողացան հասնել 21-րդ դար եւ մնացին պատմության քառուղիներում: Մենք, փառք Աստծո, շնորհիվ մեր պապերի եւ տաղանդի, եւ անձնազոհության այսօր 21-րդ դարում ենք եւ վստահ եմ, որ շարունակելու ենք մեր ճանապարհը հավերժ: Ձեր ծնողներն այսքան տարիների ընթացքում արել են իրենցից կախված հնարավորը, որպեսզի դուք կարողանաք իրացնել ձեր հնարավորությունները` սնել են, պահել, փայփայել: Մեր զինվորներն արդեն 17 տարի կանոնավոր բանակի շարքերում կարողացել են պատվով պահել մեր սահմանները` դրանով իսկ ձեզ հնարավորություն տալով լիարժեք իրականացնելու ձեր ձգտումներն ու ցանկությունները: Ի վերջո, մեր ժողովրդի մասնակցության, նրանց վճարած հարկերի շնորհիվ դուք կարողացել եք ուսում ստանալ եւ ձեզանից ոմանք արդեն ավարտել են միջնակարգ ուսումնական հաստատությունը: Ավարտել են փայլուն, մեդալներով, իսկ ոմանք դեռեւս պետք է շարունակեն, եւ ունենան նույնպիսի հաջողություններ: Ի վերջո, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի, ձեզանով ուրախանում է, հպարտանում եւ վստահ է, որ դուք հետագայում կարողանալու եք լինել այս երկրի արժանապատիվ քաղաքացին:

Ակնկալում եմ, որ դուք լինեք հաստատակամ եւ լավատես: Առանց հաստատակամության, առանց լավատեսության անհնար է որեւէ լուրջ գործ կատարել:

Ինչ է ձեզ սպասվում.

Ձեզանից ոմանց համար կյանքի առաջին փուլն արդեն ետեւում է: Այդ փուլում որոշակիությունը շատ էր: Դուք լուծում էիք խնդիրներ եւ գտնում դրանց ճշգրիտ պատասխանները:

Այժմ դուք մտնում եք կյանքի միգուցե ամենահետաքրքիր, ամենաբուռն ու վճռորոշ փուլը: Ես այդ փուլը կանվանեի ավելի շատ անորոշությունների փուլ:

Նրանք, ովքեր ավարտել են դպրոցը, գիտեն, իսկ ավելի փոքրերը հետո կհամոզվեն, որ շատ խնդիրներ, իրոք, ունեն լուծումներ, ճշգրիտ լուծումներ: Բայց դուք արդեն պարտավոր եք նաեւ իմանալ` միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ, որովհետեւ յուրաքանչյուր լուծում գին ունի, որ պետք է վճարել: Ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրն առաջադրված խնդիրները լուծելիս մշտապես հիշի` բոլոր միջոցները չէ, որ ճիշտ են խնդիրները լուծելիս: Երեւի լսել եք, որ ասում են` "նպատակը արդարացնում է միջոցները": Այդպես չէ, որովհետեւ եթե խնդիր լուծելիս միջոցների միջեւ ընտրություն չես կատարում, հաճախ շատ մեծ խնդիրներ ես ստեղծում: Հաճախ մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, ամայացնում են ինչպես իրենց հոգին ու միտքն, այնպես էլ շրջապատը: Հիշեք, որ այդ միջոցները պետք է լավը լինեն ոչ թե կոնկրետ պարագայում, ոչ թե ինչ-որ տեւական ժամանակի համար, այլ պետք է լավը լինեն ինքնին: Վատ միջոցներով երբեք չի կարելի հասնել լավ նպատակի:

Ուզում եմ նաեւ հիշեք, որ կյանքում լինելու են նաեւ խնդիրներ, որոնք լուծումներ չեն ունենալու: Բայց դրանք երբեք չպետք է պատճառ լինի, որ մենք լուծումներ չփնտրենք: Միշտ պետք է փնտրել, որովհետեւ մարդու գոյությունը, ակտիվ կյանքը հենց դրանով է արդարացվում. մեկ էլ` գտաք այդ անլուծելի թվացող խնդրի լուծումը: Ուղղակի պետք է փնտրել այնտեղ, որտեղ մինչ ձեզ ոչ մեկը չի փնտրել: Ուզում եմ, որ այդ խնդիրների ու նաեւ լուծելի խնդիրների հանգուցալուծմանը հասնեք լավ տրամադրությամբ, լավատեսությամբ ու հաստատակամությամբ:

Ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ դուք դառնալու եք, թերեւս արդեն կաք, մեր երկրի լավագույն քաղաքացի":

Երկրի ղեկավարի բացման խոսքից հետո ակտիվ երկխոսություն է ծավալվել երեխաներին հետաքրքրող հարցերի շուրջ:

Նրանք ցանկացել են պարզել Նախագահի վերաբերմունքը հայ երիտասարդների` արտերկրում ուսանելու խնդրի մասին, նաեւ այն մասին, որ ուսման մեկնածների որոշ մասը չի վերադառնում:

Սերժ Սարգսյանի խոսքով` կարեւորն այն է, որ երիտասարդները լավ կրթություն ստանալու ցանկություն ունեն, իսկ դա անելու լավ հնարավորթյուններ կան թե Հայաստանում, թե արտերկրում: Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչ միայն ողջունում է երիտասարդների` արտերկրում կրթվելու ձգտումը, այլեւ օժանդակում այդ գործին, ինչի վկայությունն են նաեւ կառավարության նախաձեռնություններն այդ ոլորտում, արտերկրում ուսանողներին աջակցող հիմնադրամի ստեղծումը եւ այլ քայլեր:

Նախագահը հիշատակել է նաեւ անցյալում հայ մեծերի` արտերկրում կրթություն ստանալու եւ վերադառնալով սեփական ժողովրդին լուսավորելու իրողությունը:

Իսկ հանգամանքը, որ որոշ ուսանողներ ուսման ավարտից հետո չեն վերադառնում հայրենիք, Նախագահը հիմք չի համարել` այլոց այդ հնարավորթյունը չընձեռնելու եւ չօժանդակելու համար: Ըստ Սերժ Սարգսյանի, վերջին տարիների ցուցանիշները վկայում են, որ վերադարձողների թիվն ավելանում է: Նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի:

Դպրոցականները Նախագահին դժգոհել են հետուստատեսությամբ կրթական եւ ուսումնական ոլորտին ցուցաբերվող անբավարար ուշադրության համար, ինչին Սերժ Սարգսյանը եւս համակարծիք է եղել: Նախագահը հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս հարցադրումից եզրակացություններ կանեն, եւ հեռուստաեթերում ուսումնակրթական ծրագրերի մասով արդեն իսկ նկատվող առաջընթացի միտումները կդառնան օրինաչափություն:

Երեխաներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը որպես դպրոցական առարկա դասավանդվի, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա հեշտ գործ չէ, քանի որ պետք են ուսուցիչներ, ծրագրեր, բայց այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են` այս տարվանից կարող են լինել արտադասարանական պարապմունքներ, որոնք հետո կներառվեն դպրոցական ծրագրերում:

Ավագ դպրոցականները Նախագահի կարծիքն են հարցրել քննությունների թեսթային համակարգի մասին: Սերժ Սարգսյանի խոսքով` թերություններ ունեին եւ թեսթերը, եւ ընդհանուր թեսթային համակարգը, եւ հենց կազմակերպիչները, բայց գաղափարն ինքնին դրական է: Երկրի ղեկավարն ասել է, որ քննական գործընթացում օբյեկտիվության հասնելու ամենաուղիղ ճանապարհներից է մարդկային միջամտության նվազեցումը, ինչին էլ ուղղված է թեսթային համակարգը: Ըստ Նախագահի, արձանագրված թերությունները շտկելով` համակարգը հաջորդ տարիներին ավելի արդյունավետ կգործի` լիարժեք ապահովելով արդարացի եւ թափանցիկ ընտրված ուսանողներ:

Մրցանակակիրներին հետաքրքրում էր, թե ինչ պետք է անել, որ դպրոցներն ավելի մեծ թվով մեդալակիր շրջանավարտներ տան:

Նախագահն ասել է, որ դա կախված է առաջին հերթին աշակերտների ցանկությունից եւ ունակություններից, բայց նաեւ հանգամանքից, թե պետությունը որքանով կարող է կազմակերպել երեխաների ունակությունների բացահայտումը, ինչպես կարող է նպաստել մանկավարժների, գիտնականների որակավորման մակարդակի բարձրացմանը եւ ինչքանով կարող է ի ցույց դնել գիտելիք ունեցող մարդու առավելությունները մեր հասարակությունում:

Հարցին, թե Նախագահը ճի՞շտ է համարում վաղ տարիքից որեւէ կուսակցության անդամագրվելը եւ քաղաքականությամբ զբաղվելը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է լինել ակտիվ, ծանոթ լինել գաղափարախոսությունների, ծրագրերի եւ ընտրություն կատարել դրանց միջեւ: Սակայն դա չի նշանակում, թե պետք է անպայման որեւէ կուսակցության անդամագրվել: Ասելով, թե քաղաքական գործընթացներում ներգրավվածության չափը ամեն ոք ինքն է իր նախասիրություններից ելնելով որոշում` Սերժ Սարգսյանը նկատել է, որ կուսակցական լինելն ամեն դեպքում չպետք է լինի ձեւական, դիտարկվի որպես պաշտոն ստանալու, հասարակությունում ավելի տեսանելի դառնալու հնարավորություն:

Արմավիրի մարզի մրցանակակրին հետաքրքրում էր Նախագահի վերաբերմունքն այն փաստին, որ մարզերը զարգացման աստիճանով հետ են մնում մայրաքաղաքից: Սերժ Սարգսյանը նկատել է, որ դեռեւս խորհրդային տարիներին Երեւանը զարգանում էր եւ հիմա էլ զարգանում է շատ ավելի արագ տեմպերով, քան մարզերը, եւ առաջիկայում էլ այդ միտումը կպահպանվի: Նախագահն ասել է, որ չնայած դրան, կառավարությունը մշակում եւ իրականացնում է ծրագրեր մարզերին զարգացման ավելի մեծ հնարավորություն ընձեռելու եւ առկա անհամաչափությունը մեղմելու համար:

Բարձր դասարանի մրցանակակիր տղաները հարցրել են Նախագահի կարծիքը տասնութ տարեկանում` ուսումն ընդմիջելու եւ պարտադիր զինծառայություն անցնելու խնդրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր համոզմամբ, յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր ավանդը բերի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` անկախ գիտելիքների քանակից: "Եթե որոշ երիտասարդների համար հայրենասիրությունը զինծառայությունից խուսափելով գիտելիք ստանալն է, եթե որոշների համար հայրենասիրությունը օտարների մոտ պարծենալն է, թե ինչպես հայկական բանակը կարողացավ պաշտպանել մեր սահմանները, ապա ես այդ կարծիքին չեմ: Մենք փոքր պետություն ենք, բայց ստիպված ենք մեծ բանակ պահելու: Այդ մեծ բանակը պահանջում է ոչ միայն մեծ միջոցներ, այլեւ մեծ թվով ունակ մարդիկ": Սերժ Սարգսյանի խոսքով` նրանք, ովքեր իրոք ուզում են ուսում ստանալ, գիտությամբ զբաղվել, դա կարող են անել նաեւ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո: Նախագահն այս առումով նկատել է, որ աշխարհահռչակ գիտնականների մեծ մասը զինծառայություն է անցել եւ դա չի խոչընդոտել ծառայությունից հետո գիտությամբ զբաղվելու նրանց մտադրությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ասվածը չի նշանակում, թե անմիջապես օրենք է ընդունվելու տասնութ տարեկանից զորակոչելու մասին: Նախագահը որպես տարբերակ նշել է պետպատվերի համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Որ ուսման ու գիտության քողի տակ զինծառայությունից խուսափելու պրակտիկա կա, Սերժ Սարգսյանը փաստարկել է նաեւ նրանով, որ ասպիրանտուրայում գրեթե առանց բացառության տղաներ են սովորում:

Կրտսեր դասարանների մրցանակակիրները հետաքրքրվել են, թե գերզբաղ Նախագահը երբ է հանգստանում, ժամանակ գտնում ընտանիքի հետ անցկացնելու համար, ինչպես է տնօրինում ազատ ժամանակը: Սերժ Սարգսյանն ասել է, որ հանգստի համար ժամանակ թեկուզ կարճ, բայց միշտ գտնում է, իսկ կիրակի օրերը եւ աշխատանքային օրերի երեկոներն անցկացնում է ընտանիքի հետ, ազատ ժամերին կարդում է, շախմատ է խաղում, երաժշտություն լսում, հեռուստացույց դիտում, զբոսնում:

Սյունիքի մարզի մրցանակակիր դպրոցականն էլ ուզում էր իմանալ, թե Նախագահը դպրոցական տարիքում երբեւէ պատկերացրե՞լ է, որ Հայաստանն ու Արցախը կարող են անկախ պետություններ լինել, ասելով, թե անձամբ չի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, երբ ինքը հասնի Նախագահի տարիքին:

"Ես, ինչպես եւ տասնյակ հազարավոր մարդիկ չէինք պատկերացնում, որ լինելու է անկախ Հայաստան, անկախ Արցախ: Բայց երազում էինք այդ մասին: Հայաստանը լավ երկիր է եւ այդպիսին եղել է: Բայց երբ դու լինես իմ տարիքին, այն լինելու է շատ-շատ ավելի լավ, քան հիմա: Հիմնականում արդեն լուծած են լինելու բոլոր այն խնդիրները, որ այսօր կան: Քսան-երեսուն տարի հետո Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին դուք ցանկանում եք, որ այն լինի, եւ այդ գործում հենց ձեզանից, ձեր սերնդից շատ բան է կախված":

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը մաթեմատիկայի "Կենգուրու" միջազգային մրցույթի հաղթողներին եւ այս տարվա մեդալակիր շրջանավարտներին հանձնել է պարգեւներ ու հուշանվերներ:



← Վերադառնալ