01
07, 2009

Աշխատանքային խորհրդակցություն` Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ

album picture
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Սեւանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաեւ "Սեւան" ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության լրամշակված տարբերակին, որը ներկայացրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում առաջարկություններ ու դիտողություններ են հնչել "Սեւան" ազգային պարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ:

Խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սեւանի պահպանման խնդիրները:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը կարեւորել է Սեւանի խնդիրներով շահրագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը եւ համագործակցված աշխատանքը: Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել Սեւանի ամբողջ ավազանի պատշաճ վերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վեր հանումը եւ դրանց համապարփակ լուծումներ գտնելը:

Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել հանձանժողովի աշխատանքի մասին` նշելով, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ:

← Վերադառնալ