24
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ

"Հարգելի Նախագահ եւ տիկին Սաակաշվիլի,

Տիկնայք եւ պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ եղբայրական Վրաստանի Նախագահին, նրա հարգարժան կնոջը եւ պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում ողջունելու հնարավորության համար: Իմ գործընկերները եւ ես ջերմությամբ ենք հիշում այն սրտաբաց ընդունելությունը, որին մենք արժանացանք Թբիլիսի իմ պաշտոնական այցի ընթացքում:

Հայ-վրացական հարաբերությունները հաշվարկվում են դարերով եւ զուր չեն դրանք անվանում պատմական: Մեր ժողովուրդների եւ մշակույթների փոխհարստացումը եւ բարեկամության ավանդույթները, ինչպես նաեւ շատ առումներով ընդհանուր պատմական ճակատագիրը ամուր հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար:

Կայունության պահպանումը եւ ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար կենսական խնդիրներ են: Տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակում մենք մեր գործողություններում ելնում ենք հետագա սերունդների համար բարեկամության եւ բարիդրացիական ավանդույթների պահպանման անհրաժեշտությունից: Այլ ելք մենք չունենք: Մեր ժամանակներում այնքան շատ են գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները, որ դրանց արդյունավետ կարելի է դիմակայել միայն միասնաբար: Աշխարհագրական առումով այնքան փոքր, բայց աշխարհաքաղաքական առումով այնքան նշանակալից տարածաշրջանի, ինչպիսին մերն է, երկրները պարզապես պարտավոր են փոխադարձ հետաքրքրության ճանապարհներ փնտրել, ելնել փոխադարձ հարգանքի ու փոխվստահության նորմերից:

Ես խորապես համոզված եմ, որ ամուր, երկարատեւ գործընկերության հիմքում ընկած են տնտեսական փոխհարաբերությունները: Այստեղ մենք մեծ ներուժ ունենք, բայց, ցավոք, այն դեռեւս ամբողջությամբ չի օգտագործվում: Թույլ տվեք հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի բարձրացնել տնտեսական համագործակցության արդյունավետությունը: Այն հատկապես հրատապ է այսօր` գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում: Չնայած հաղորդակցության եւ ենթակառուցվածքների առկայությանը, մեր շուկաները դեռեւս ամբողջովին չեն յուրացվել երկու երկրների գործարարների կողմից:

Մեր երկկողմ հարաբերությունների կարեւորագույն տարրերից է միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Կարծում եմ, այստեղ եւս կան չօգտագործված հնարավորություններ ավելի արգասաբեր համագործակցության համար: Հատկապես կցանկանայի նշել Եվրամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափը, որը համագործացության նոր հնարավորություններ ու ոլորտներ է առաջարկում, եւ ես վստահ եմ, որ մեր երկրները լիարժեքորեն կօգտագործեն այն` ի շահ մեր ժողովուրդների: Ավելին, մենք կարող ենք եւ պարտավոր ենք Արեւելյան գործընկերության ձեւաչափը ուղղորդել Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ընդլայնմանը, տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը, տնտեսական ներուժի հզորացմանը:

Հարգելի ընկերներ,

Վրաց հասարակության անբաժանելի մասն է հայկական համայնքը, որը բարեկամության յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջեւ: Ցանկանում եմ Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել` մեր հայրենակիցների խնդիրների եւ սպասումների նկատմամաբ մշտական ուշադրության համար: Վստահ եմ, որ առաջիկայում եւս Վրաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինեն ինչպես հայաբնակ տարածաշրջանների, այնպես էլ ընդհանրապես Վրաստանի ողջ հայ բնակչության սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային հարցերը:

Հայկական սփյուռքում գիտեն իմ վերաբերմունքը` լավ հայ լինելու համար, Սփյուռքի հայը ուղղակի պարտավոր է լինել ազնիվ, հարգված, պահանջված քաղաքացին այն երկրի, որտեղ նա ապրում է: Վրաստանի հայերը դարեր ի վեր այդպիսի համբավ են ունեցել: Արվեստի, բիզնեսի, գիտության եւ կրթության աշխարհում` ամենուր նրանք իրենց արժանի ներդրումն են ունեցել` ի շահ Վրաստանի բարգավաճման: Սայաթ Նովա, Փարաջանով, Մանթաշով, Արամյանց` Վրաստանի ականավոր հայերի այս ցանկը կարելի է անվերջ թվարկել: Պարոն Նախագահ, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի փոխադարձ սիրո այս մարդկային կամուրջը շարունակի լինել ժողովուրդների միջեւ բարեկամության մարմնավորում եւ օրինակ:

Այսօր մեզ հետ այս դահլիճում է Հայաստանի ամենահայտնի վրացուհին` Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, ականավոր հասարակական գործիչ Թինա Լեւանի Ասատիանին: Նա իր ողջ կենսակերպով ապացուցել է, թե ինչքան շատ բաների մենք կարող ենք հասնել միասին: Մենք պետք է խրախուսենք ուսանողական փոխանակումերը, զարգացնենք երիտասարդ մասնագետների, գիտնակաների, մշակութային գործիչների համագործակցության ծրագրերը:

Հարգարժան պարոն Նախագահ եւ տիկին Ռուլովս,

Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել ձեզ Հայաստանում եւ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը խթան կհանդիսանա մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար եւ նոր լիցք կհաղորդի հայ-վրացական բազմակողմ հարաբերությունների հետագա խորացմանը:

Ես բաժակ եմ բարձրացնում եւ կենաց առաջարկում Վրաստանի Նախագահ պարոն Միխեիլ Սաակաշվիլիի, նրա տիկնոջ Սանդրա Ռուլովսի եւ Վրաստանի ստեղծագործ ժողովրդի համար:

Կեցցե Վրաստանը,

Կեցցե Հայաստանը,

Կեցցե հայ-վրացական եղբայրությունը":

← Վերադառնալ