24
06, 2009

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` տիկնոջ Սանդրա Ռուլովսի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ:

Նշելով, որ աշխարհում շատ չեն ժողովուրդները, ովքեր կարող են հպարտանալ այնպիսի երկարատեւ ու բարիդրացիական հարաբերություններով, ինչպիսին հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ է, Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք պարտավոր ենք բազմապատկել այն, ինչ մենք ժառանգել ենք մեր նախնիներից":

Նախագահներ Սարգսյանը եւ Սաակաշվիլին նշել են, որ հաճախակի հանդիպումներն ու բանակցություններն օգնում են արագ հստակեցնելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ դրանց լուծման ուղիները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներին, երկկողմ հաղորդակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, նաեւ կրթամշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ կապերը ակտիվացնելու համար կարեւորել է տարբեր բնագավառներում համատեղ միջոցառումներ կազմակերպելու եւ դրանք ավանդական դաձնելու անհրաժեշտությունը: Նա, մասնավորապես, որպես օրինակ առաջարկել է տարբեր առարկաների գծով դպրոցական ամենամյա օլիմպիադաների, նաեւ սպորտային մրցությունների անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին դպրոցական օլիմպիադան անցկացնել այս տարվա աշնանը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը Միխեիլ Սաակաշվիլիին պարգեւատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է եւ, որին Վրաստանի Նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով` հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար:

← Վերադառնալ