21
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:

Հանրապետության Նախագահը կարեւորելով Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր, ասել է. "Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, եւ վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ": Սերժ Սարգսյանը շատ էական է համարել, որ երկու երկրները չունեն հարաբերությունները զարգացնելու համար որեւէ խոչընդոտող հանգամանք:

Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը: Նա կարեւորել է փոխայցելությունների ակտիվացումը, եւ նշել, որ դրանք թույլ կտան քննարկել բոլոր այն հնարավորություններն ու միջոցները, որոնք կօգնեն երկկողմ գործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով տնտեսական կապերին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, եւ մեր երկիրը ցանկանում է առավել խորացնել համագործակցությունը: Նախագահն առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով` վստահեցնելով, որ այն երկկողմ գործակցությունը խթանելու շատ արդյունավետ գործիք է, եւ Հայաստանը նման փորձ ունի շատ երկրների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը եւ ԱՄԷ արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախագահ Սարգսյանը նաեւ երախտագիտությամբ ընդգծել է Միացյալ Էմիրությունների հավասարակշիռ քաղաքականությունը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

← Վերադառնալ