Մամուլի հաղորդագրություններ
Կայացել է Հայատառ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի նիստը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Հայատառ գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում անցկացնելը, բնականաբար, պատահականություն չէ: Սրանով մենք ցանկացել ենք շեշտել երկու հանգամանք:
Առաջին. ուշադրություն մանկապատանեկան գրականության եւ նրա սպառողների նկատմամբ,
երկրորդ. ուշադրություն գրադարանների եւ ընթերցողների նկատմամբ:
Մանկապատանեկան գրականության ու նրա խնդիրների լուծման ուղղությամբ պետությունն անում է որոշակի քայլեր թե հրատարակման, թե քարոզչության առումով, եւ այդ աշխատանքը հետեւողականորեն շարունակվելու է: Արդյոք, բավարար են մեր քայլերը: Միանշամակ` ոչ, եւ այստեղ քննարկելու շատ բան կա: Մանուկ հասակից երեխաներին գրքի հետ կապելը ռազմավարական նշանակություն ունի: Բոլորս սա պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ վաղվա Հայաստանի նկարագիրը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով այսօր մենք կհաջողենք մեր այս ձեռնարկներում:
Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հիմնահարցը գրադարանների վիճակն է: Գրատպության 500-ամյա ավանդույթներ ունեցողները, կարծում եմ, արժանի են ունենալ 21-րդ դարի պահանջներին բավարարող գրադարաններ: Պետությունը վերջին տարիներին հետեւողական կերպով գումարներ է հատկացնում գրադարանների վերանորոգման համար: Միայն Ազգային եւ Ազգային մանկական գրադարանների վերանորոգման համար պետբյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի, ներառյալ մարզային, գրադարանների վերանորոգման համար մեր Միջնաժամկետ ծրագրով նախատեսված է շուրջ 2.5 մլրդ դրամ:
Ես այսօր արդեն քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ` նախարարության տնտեսումների հաշվին հնարավորություն գտնել եւ լրացնել այս տարվա այն աշխատանքի ծավալը, որը նախապես որոշվել էր չկատարել: Մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի այս տարի Ազգային եւ Ազգային մանկական գրադարանների համար նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվեն:
Հանձնարարել եմ նաեւ ֆինանսների նախարարությանը, որպեսզի 2010թ. պետական բյուջեում ներառեն այս երկու գրադարանների համար մնացած բոլոր ծախսերը: Հաջորդ տարեվերջին մենք պետք է ունենանք ամբողջովին վերանորոգված եւ ժամանակակից երկու ազգային գրադարան:
Բայց խնդիրը պետք է շատ ավելի լայն դնենք եւ գրադարանները պետք է լինեն ոչ միայն նորոգված ու հարմարավետ, այլեւ արդիական: Մեր գրադարանների ծառայությունների մակարդակի բարձրացումը, նոր տեխնոլոգիաներին համապատասխան վերազինումը, կարծում եմ, պարտադիր պայման է այս գործում:
Ժամանակին, երբ արվեց գրատպության գյուտը, աշխարհում գրքի, գիտելիքի եւ տեղեկատվության տարածման արագությունները բազմապատկվեցին: Դա բացառիկ խթան էր ողջ մարդկության լուսավորության եւ զարգացման համար: Ժամանակի հայ մտածողներն առաջիններից մեկը հասկացան դրա մեծ նշանակությունն ու անփոխարինելիուությունը մեր ժողովրդի առաջընթացի համար: Այսօր նմանատիպ հեղափոխություն է տեղի ունենում աշխահում, երբ համակարգիչների լայն կիրառմամբ կրկին բազմապատկվում են արագությունները, եւ մենք ընդհանրապես եւ մեր գրադարանները` մասնավորապես, իրավունք չունենք ետ մնալ այս գործընթացներից:
Հանձնարարում եմ մշակույթի, գիտության եւ կրթության նախարարություններին եւ Գիտությունների ազ•ային ակադեմիային` միասին մշակել եւ մինչեւ ընթացիկ տարվա վերջ այս հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ազգային գրադարանի եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տեխնիկական արդիականացման համալիր ծրագիր: Մենք ի վիճակի ենք մեր ուժերով նման ծրագիր կազմել եւ այն պետք է հենվի երկու առանցքային սկզբունքների վրա`
առաջին. ազգային գրադարանները պետք է հասանելի լինեն համացանցում,
երկրորդ. աշխարհում մեծ թափ առնող էլեկտրոնային շտեմարանները պետք է հասանելի լինեն այս գրադարանների ընթերցողների համար":
Նախագահ Սարգսյանի խոսքից հետո հանձնաժողովը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը:
Ընթացիկ աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նա ներկայացրել է նախատեսվող միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշել է միջոցառումների ծրագրի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում նոր առաջարկություններով ու դիտողություններով համալրելուց հետո հաստատել որպես մեկնարկային ծրագիր:
Հանձնաժողովի նախորդ նիստում Մշակույթի նախարարությանը հանձնարարվել էր անցկացնել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների խորհրդանիշների մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը ներկայացրել է մրցույթի արդյունքները: Հոբելյանական տարվա խորհրդանիշների ստացված 8 տարբերակների միջեւ ընտրություն կատարելու համար որոշվել է ներգրավել մասնագիտական խումբ:
Քննարկվել է նաեւ հոբելյանական միջոցառումների շրջանակում գրքի եւ տպագրության միջազգային ընթացիկ միջոցառումներից որեւէ մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորության հարցը: