17
06, 2009

Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը` տիկնոջ Ասմա ալ-Ասադի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով Սիրիայի Նախագահի այցը Հայաստան, Նախագահ Սարգսյանն ասել է. "Հայաստանը խորապես կարեւորում է հարաբերությունները Սիրիայի հետ` որպես մերձավոր-արեւելյան տարածաշրջանում հեղինակություն վայելող երկրի: Մենք հայ-սիրիական հարաբերությունները գնահատում ենք բարեկամական, բարձր մակարդակի, բայց նաեւ համարում ենք, որ դրանք զարգանալու դեռեւս շատ մեծ ներուժ ունեն":

Սերժ Սարգսյանը հիշատակել է, որ 2001թ-ին որպես պաշտպանության նախարար առիթ է ունեցել այցելել Սիրիա եւ լավագույն հիշողություններ ունի այդ գեղեցիկ ու հյուրընկալ երկրից:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է որակական նոր մակարդակի հասցնելու Սիրիայի հետ հարաբերությունները` մեծ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցությանը եւ այս այցը լավագույն առիթ է` նախանշելու փոխգործակցության զարգացման ուղիները: Սերժ Սարգսյանի խոսքով` երկկողմ առեւտրատնտեսական կապերի հաջողությունը մեծապես կախված է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Սիրիայի Նախագահի հետ հաջորդ հանդիպմանը արդեն կխոսեն արձանագրված հաջողությունների մասին:

ՀՀ Նախագահը շնորհակալությամբ է խոսել Սիրիայի կառավարության` սիրիահայության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին` հիշատակելով նաեւ հայ ժողովրդի օրհասական պահին Սիրիայի ցուցաբերած աջակցությունը:

Նախագահ ալ-Ասադն ասել է, որ սիրիահայ համայնքն այն զորեղ ներուժն է, որի օգնությամբ երկու պետությունները կգտնեն այս հանդիպմանը նախանշված նպատակներին հասնելու ճանապարհը: Սիրիայի Նախագահը եւս կարեւորել է հայ եւ սիրիացի գործարար շրջանակների համար ներդրումային խրախուսիչ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը եւ վստահեցրել, որ սիրիական կողմը եւս հետեւողական կլինի այդ գործում:

Բանակցությունների ավարտից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ բնապահպանության նախարարությունների միջեւ` բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Ապա Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

← Վերադառնալ