16
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը եւ տիկին Ասմա Ալ-Ասադը:

Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի եւ տիկին Ասմա ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք:

Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հունիսի 18-ին Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Հայաստան այցի օրերին Նախագահ Բաշար Ալ-Ասադը կայցելի նաեւ Մատենադարան:

Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

← Վերադառնալ