09
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ” ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ” ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին եւ “Օրանժ Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուային:

Հանրապետության ղեկավարը ողջունել է “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ” ընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ վստահություն հայտնել, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Նախագահ Սարգսյանի խոսքով` ֆրանսիական ընկերության գործունեությանը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան եւ կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար:

Նշելով, որ մեր երկրում հեռահաղորդակցության ոլորտը մատուցվող ծառայություններից սկսած մինչեւ սակագները զարգացման մեծ ներուժ ունի` Նախագահը կապի երրորդ օպերատորի մուտքը կարեւորել է մի քանի տեսանկյունից: Նախ, “Ֆրանս Տելեկոմ-Օրանժը” Հայաստան կբերի իր փորձը եւ ծառայությունների բազմազանությունը, բացի այդ, ավելանում է մրցակցությունը, որի արդյունքում շահելու են սպառողները, կատարվում են նոր ներդրումներ, ստեղծվում են աշխատատեղեր:

“Ֆրանս Տելեկոմ-Օրանժ” ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեն վերահաստատել է իրենց հանձնառությունը` մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային եւ հեռախոսային կապ: “Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար եւ վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին”, -շեշտել է նա:

Օլաֆ Սվանտեն ներկայացրել է “Օրանժ Արմենիայի” ծրագրերը, ընկերության ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները եւ նշել, որ արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ պատրաստ լինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին: “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ”-ի փոխնախագահը տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել` նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում:

“Մենք շահագրգռված ենք, որ հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող “Ֆրանս Տելեկոմը” հնարավորինս արագ սկսի իր գործունեությունը մեր երկրում”,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը եւ ասել, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ