05
06, 2009

Սանկտ Պետերբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հունիսի 4-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում սանկտպետերբուրգյան հանդիպումը 16-րդն էր Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ:

Լիակատար փոխըմբռնման եւ ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական երկու դաշնակիցների միջեւ համագործակցությանն, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջին շրջանի հաճախակի հանդիպումները օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ:

Շնորհակալություն հայտնելով Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար` Նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում:

Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին` մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման գործընթացին: "Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը",- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:

Հայաստանի Նախագահը հումանիտար ոլորտում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված հերթական քայլ է համարել Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Արամ Խաչատրյանի "Սպարտակ" բալետի բեմադրությունը, որը իրականացրել է մեծ պարուսույց Յուրի Գրիգորովիչը:

Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը:

← Վերադառնալ