28
05, 2009

Մեկնարկում է "Արմենիա" առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը

Մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկում է "Արմենիա" առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը` հայկական աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով: Շուրջ մեկ տարի տեւող ճամփորդության ընթացքում "Արմենիա" առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք:

Մեկնելուց առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է առագաստանավի անձնակազմի անդամներին:

Նշելով, որ այսօր շատերը կարող են տարակուսել, թե 21-րդ դարում, երբ աշխարհի քարտեզին վաղուց արդեն վերացել են փակ տարածքները, որքանո՞վ է կարեւորվում նման դժվարին ճամփորդությունը, Հանրապետության Նախագահն ասել է. "մեր ժողովրդի ճակատագիրը դասավորվել է այնպես, որ հայեր կան աշխարհի բոլոր անկյուններում եւ մեզ համար չափազանց կարեւոր է մեր ազգային ինքնության քարտեզը, մեր մշակութային ժառանգության քարտեզը ու հայ համայնքների պատմության քարտեզը": Ըստ Սերժ Սարգսյանի, այս նավագնացության խորհուրդն այդ աշխարհը նորովի բացահայտելն ու հարստացնելն է: "Դուք գնում եք նոր լիցք, Հայրենիքի շունչը հաղորդելու մեր համայնքներին, նորովի իմաստավորելու մեր ինքնության բանաձեւը եւ բոլոր աշխարհամասերում սփռված մշակույթի կոթողները",- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը առագաստանավի անձնակազմին փոխանցել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. վերադարձից հետո այն, ըստ ավանդույթի, կհանձնվի ի պահ:

Երկրի ղեկավարը առագաստանավի անձնակազմի անդամներին մաղթել է համընթաց քամի, բարեհաջող նավարկություն եւ բարի վերադարձ:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ով "Արմենիայի" անձնակազմի անդամներից է, շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին եւ ասել, որ ժամանակ առ ժամանակ կզեկուցեն նավարկության ընթացքի մասին:

← Վերադառնալ