27
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի Կառավարության միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր:

Գոհունակությամբ փաստելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամենատարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը, Նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների տարածքային վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը: Նա ողջունել է նահանգապետ Վախրուկովի` Հայաստանի եւ Յարոսլավլի մարզի միջեւ գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը եւ անհրաժեշտ համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը` հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում:

Նահանգապետը նշել է, որ Յարոսլավլը եւ Արմավիրն ակտիվորեն համագործակցում են, եւ ունեն այն ընդլայնելու մեծ հնարավորություններ ու հսկայական ներուժ: Այդ իսկ նպատակով առաջիկայում երկու մարզերում կբացվեն ներկայացուցչություններ, որոնք կդառնան միմյանց միջեւ տեղեկատվության փոխանակման, համագործակցության ուղղությունների հստակեցման գործուն միջոց:

Սերգեյ Վախրուկովը նաեւ ասել է, որ Յարոսլավլի հայկական համայնքը մեծ հեղինակություն է վայելում եւ բազմաթիվ հայ գործարարներ լուրջ ծրագրեր են իրականացնում մարզում:

← Վերադառնալ