20
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի հարուստ ավանդույթներ ունեցող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները շարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Դեսպան Կեսթորասը Նախագահ Սարգսյանին հաղորդել է Կիպրոսի Նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի ջերմ ողջույնները: Դիվանագետն ընդգծել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Կիպրոսի ցանկությունը:

Կողմերը հայ-կիպրական հարաբերությունները գնահատել են գերազանց եւ համաձայնել, որ դրանք ունեն փայլուն ապագա: Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների համագործակցությանը բնորոշ գիծ են համարել փոխադարձ աջակցությունն ու օգնությունը:

Հանրապետության Նախագահն ու դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Կիպրոսը փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում:

Դեսպան Կեսթորասը շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր ատյաններում Կիպրոսի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար: Նա ներկայացրել է նաեւ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դիվանագետի խնդրանքով Նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Դեսպան Կեսթորասը վստահեցրել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի ամրապնդման համար:

← Վերադառնալ