13
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով:

* * *

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մասնակիցներին

Հարգելի՛ գործարարներ, հյուրեր,

Ողջունում եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական համագումարի մասնակիցներիդ: Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից եւ հերթական` հինգերորդ համագումարը փաստորեն տեղի է ունենում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ նրա անդամների եւ ընդհանրապես գործարար հատվածի ներկայացուցիչների վարքագծային դիրքորոշումներն էական նշանակություն ունեն մեր երկրի եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Այս տեսանկյունից, հաշվի առնելով նաեւ գործարար շրջանակների այսպիսի տպավորիչ ներկայացվածությունը, կարծում եմ, այսօրվա համագումարը կանդրադառնա հարցերի շատ ավելի լայն շրջանակի, քան սովորաբար ընդունված է նման համաժողովների ժամանակ: Իսկ քննարկումների թիվ մեկ թեման, անշուշտ, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պետության, բիզնեսի եւ հասարակության համատեղ գործողությունների համալիրն է, որտեղ հարկ կա ոչ միայն գնահատել իրականացվող քայլերի արդյունավետությունը, այլեւ առաջընթացի նոր ուղիներ նախանշել:

Ամիսներ առաջ հնչեցված` "Մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը" կարգախոսն այսօր էլ ուժի մեջ է, բայց դրան զուգահեռ այժմ արդեն հարկավոր է պատասխանել "Ինչպես ենք ավելի արագ անցնելու վերականգնման փուլը" հարցին:

2009 թվականի առաջին ամիսների ընթացքում տնտեսական արդյունքների վերաբերյալ դեռ նախորդ տարեվերջին ձեւավորված սպասումները, ցավոք սրտի, մեծամասամբ իրականացան: Արձանագրվեց լուրջ տնտեսական անկում, անկումներ արձանագրվեցին տնտեսության հիմնական ճյուղերում` արդյունաբերության, շինարարության մեջ, էներգետիկայում, նվազեց արտահանումը, էապես կրճատվեցին մասնավոր դրամական փոխանցումները, պետական բյուջեի եկամուտներն ու ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: Համաշխարհային տնտեսության համար կատարյալ չարիք դարձած ֆինանսատնտեսական ճգնաժամը "ինքնադրսեւորվեց" նաեւ Հայաստանում: Սրանք հատկապես դժվար ամիսներ էին, որոնք մենք անցանք հնարավորինս առանց լուրջ խեղումների` դժվարին, միգուցե նկատելի սխալներով, բայց եւ կարեւոր ու համառ աշխատանքով` շատ շատերի աշխատանքով:

Արդյունքում սոցիալապես ամենախոցելի խավերը, ինչպես հաճախ է լինում, չդարձան արտաքին անբարենպաստ ազդակների առաջին թիրախները, արդյունքում նպաստները, կենսաթոշակները, ուսուցիչների, բուժաշխատողների եւ ընդհանրապես` պետբյուջեից հատկացվող բոլոր աշխատավարձերը ոչ միայն չկրճատվեցին, այլեւ տրվում են ժամանակին` տարեսկզբին բարձրացված չափերով: Մենք չունեցանք բանկային խաթարումներ, ցածր միջազգային գների պայմաններում հանքահումքային ոլորտի հսկաները կա՛մ չդադարեցին գործել, կա՛մ կարճատեւ դադարից հետո կարողացան վերագործարկվել: Չիրականացան հոռետեսական կանխատեսումները արժութային շուկայի փլուզումների կամ համընդհանուր խուճապի վերաբերյալ: Եվ ամենակարեւորը, նման պայմաններում, ավելին` նույնիսկ ազգային արժույթի նկատելի արժեզրկման պայմաններում մեզ հաջողվեց խուսափել սպառողական գների արտառոց թռիչքներից. մի բան, որ նույնպես լուրջ սոցիալական գործոն հանդիսացավ:

Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բնակչությանը, որ կարողացավ խոհեմ վարքագիծ որդեգրել` չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապին, մեր գյուղացիներին, ովքեր իրենց ունեցած սուղ միջոցներով գարնան գյուղատնտեսական աշխատանքներին են ձեռնամուխ եղել, բոլոր մեր աշխատողներին, այդ թվում նրանց, ովքեր նույնիսկ կրճատված աշխատավարձի պայմաններում ամեն օր աշխատանքի են շտապում, նրանց, ովքեր դիմացել են պարապուրդի շրջանն ու կրկին վերագտել իրենց աշխատանքը, եւ նրանց, ովքեր դեռ անտրտունջ սպասում են իրենց աշխատատեղին եւ չեն խուսափում որեւէ այլ աշխատանք իրականացնել: Ես շնորհակալ եմ մեր գործարարներին, ովքեր շարունակում են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել, մեր կառավարությանը` ամենաանբարենպաստ միջավայրի պայմաններում համարձակ որոշումներ ընդունելուց չխուսափելու համար, Ազգային ժողովին` տնտեսական լուծումների ամրագրման գործում օպերատիվ ու ծավալուն համագործակցության համար, մեր քաղաքական կուսակցություններին, հասարակական ուժերին, լրատվամիջոցներին` աջակցության եւ ժամանակի ընթացքում առավել ըմբռնողական դարձած մոտեցումների համար:

Ես շատ լավ գիտեմ, որ մեր բնակչության գերակշիռ մասն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունը սեփական եկամուտների վրա, որ մեր քաղաքացիներից շատերը ստիպված հետաձգել են ծրագրված ծախսերի մի մասը կամ նախապատվությունը տվել են ավելի էժան ապրանքներին: Գիտեմ, որ եզակի գործարարներ կան, ովքեր չեն զգացել ճգնաժամի բացասական ազդեցությունը, գիտեմ խոշոր արդյունաբերական ընկերությունների եւ փոքր ու միջին բիզնեսի ներկա խնդիրները: Ես քաջ գիտակցում եմ, որ շատ շատերը հաճախ ընկճվել են այս ամիսների ընթացքում. հասկանում եմ ամսական վարձերը վճարելու գնացող քաղաքացու եւ հարկային պարտավորությունները կատարելու պատրաստվող գործարարների ապրումները, կիսում եմ արտաքին տնտեսական ազդակները բնութագրող ցուցանիշները ստացող կառավարության անդամի մտահոգությունը եւ գործադրվող ջանքերի ուշացող արդյունքների դեպքում վարչապետի` պահային կարճ հիասթափությունները: Ես այս բոլորը շատ լավ հասկանում եմ:
Բայց ուզում եմ նաեւ կարեւոր մի գործոն առանձնացնել. այո, ճգնաժամի հետեւանքով մենք բոլորս` ողջ հասարակությունով, առիթներ ունեցել ենք եւ՛ նեղսրտելու, եւ՛ մտահոգվելու, եւ՛ դժվար որոշումներ կայացնելու, բայց մի բան ակնհայտ է` մեր հասարակության մեջ հուսահատություն չկա, մեր բիզնեսը նույնպես չի հուսահատվել, նույնը նաեւ կառավարությունը: Եվ այս դժվարին փուլից հետո սա շատ լավ առիթ է կրկնակի եռանդով աշխատելու եւ վերականգնման փուլը այլ երկրների համեմատ ավելի արագ անցնելու համար:

Հարգելի՛ գործարարներ,

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը շարունակում է խարսխված մնալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ժամանակավոր դժվարություններ ունեցող ձեռնարկությունների եւ փոքր ու միջին բիզնեսի հասցեական օժանդակության մոտեցումների վրա: Մենք պետք է կրկնապատկենք բիզնեսի համար հավասար եւ բարենպաստ դաշտ ապահովելուն ուղղված քայլերը: Այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները շարունակվում են, որոնց թվում են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցումն ու բարելավումը, ֆինանսական հաշվետվությունների քանակի նվազեցումը, արտաքին շուկաներ մուտքի հեշտացման համար համաձայնագրերի կնքումը եւ այլն: Կիրառվող աննախադեպ գործիքները, որոնց թվում են պետական երաշխիքների տրամադրումը, սուբսիդավորումը, այդ թվում, գյուղատնտեսության ոլորտում, բիզնեսի ուղղակի վարկավորումը տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակ ունեն: Հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ ընդլայնվում են փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալները, ինչի համար նաեւ համաշխարհային բանկի վարկային միջոցներից տրամադրվել է 50 մլն ԱՄՆ դոլար: Սրանք նոր միջոցներ են: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այս նպատակի համար մենք այլ աղբյուներից եւս ներգրավելու ենք շատ ավելի մեծ միջոցներ:

Բնականաբար միայն կառավարության կողմից ձեռնարկված քայլերը բավարար չեն դիմակայելու ճգնաժամին: Էական է նաեւ մեր գործարարների աջակցությունը, ինչը նախ եւ առաջ կարող է արտահայտվել.

ձեռնարկությունների բարձր կարգապահությամբ` ներառյալ հարկային պարտավորությունների կատարումը,

հաշվետվողականության եւ թափանցիկության բարելավմամբ,

կառավարության հետ աշխատանքներում ավելի բաց ու ազնիվ լինելով, որպեսզի կառավարությունը կարողանա ճշգրիտ գնահատականներ տալ իրավիճակին, եւ դրա հիման վրա ավելի արդյունավետ լինեն բիզնեսի աջակցմանն ուղղված գործողությունները,

եւ վերջապես, ավելի "ագրեսիվ" լինելով նոր տեխնոլոգիաների ներգրավման ու նոր արտադրանքների թողարկման գործում:

Ճգնաժամի պայմաններում մեծանում է նաեւ բիզնեսի սոցիալական պատասխանատվության նշանակությունը: Մեր գործարարներից շատերը սա շատ լավ գիտակցում են, եւ այս ուղղությամբ նրանց քայլերն էլ տեսանելի են: Վստահ եմ, նման գործելաոճը ապագայում եռակի հատուցում է բերելու, եւ այդ հատուցումը միայն բարոյական չի լինելու:

Բայց ամենակարեւոր օժանդակությունը, որ ակնկալում եմ գործարարներից, նրանց վստահությունն է իրենց ուժերին եւ հավատը ապագայի հանդեպ: Իրականացված առանձին ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այսօր մեր բնակիչները ավելի վստահ ու լավատես են ճգնաժամի հաղթահարման հարցում, քան գործարարները: Հասկանում եմ, որ գործարարը միայն իր համար չէ, որ մտահոգվում է, բայց նաեւ կարծում եմ, որ ճիշտ նախատրամադրվածությունը էական է հաջողության հասնելու համար: Այս տեսանկյունից ես վստահ եմ ձեր ուժերին եւ ձեզ առավել ինքնավստահության կոչ եմ անում:

Չնայած արտաքին ճնշումներին, որոնք օբյեկտիվորեն արմատապես փոխել են մեր աշխատաոճը, կառավարությունը չի շեղվելու հայտարարված բարեփոխումների ուղուց: Հակառակը՝ մեզ պարտադրված ճգնաժամի հաղթահարման լավագույն ուղին բարեփոխումների առավել ինտենսիվացումն է, եւ ոչ թե դրանց հետաձգումը:

Որքան էլ ստեղծված իրավիճակում պետության համար առաջնային է պետական բյուջեի կատարումը, այն չի կարող լինել ինքնանպատակ կամ վնասել տնտեսական գործընթացներին: Հարկային մուտքերի ապահովման անհրաժեշտությունը չի կարող արդարացնել տնտեսավարման պայմանների բարելավման, հարկային արդարացիության ամրապնդման կարեւորագույն քայլերի իրականացման որեւէ հետաձգում:

Այս առումով ես կարեւոր եմ համարում, որպեսզի գործարար համայնքը կառավարության հետ ավելի ակտիվ, բաց ու հրապարակային քննարկումներով նպաստի բարեփոխումների արագացմանը: Իրենց հերթին կառավարության բոլոր օղակները պետք է կարողանան գործարար համայնքի հետ համագործակցությունը ավելի անմիջական հիմքերի վրա դնել. ցանկացած գործարարի ցանկացած մտահոգություն պետք է դառնա համակողմանի քննարկման առարկա, որի արդյունքում ինչպես գործարարը, այնպես էլ պետությունը ձեռնամուխ կլինեն կոնկրետ քայլերի իրականացման: Եվ ընդհանրապես վարչարարական տարաբնույթ խնդիրների վերաբերյալ գործարարի տեսակետի բարձրաձայնումը միայն պետք է ողջունվի եւ համապատասխան ընթացք ստանա: Իսկ պաշտոնյան, ով իր վարքագծով կփորձի կաշկանդել գործարար ընդհանուր միջավայրի բարելավմանն ուղղված քննարկումները, պետական համակարգում տեղ չունի: Այստեղ ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն օբյեկտիվ փաստի վրա, որ այս գործողություններն ու գործընթացը պետք է նմանվի երկկողմ երթեւեկության ճանապարհի. չի կարելի գործարար մթնոլորտի բարելավման քողի տակ վարկաբեկել, ճգնաժամը պատրվակ բերելով խոչընդոտել բարեփոխումների գործընթացին: Ուզում եմ երեք օրինակ բերել:

Առաջին, բոլորդ գիտեք, որ շատ երկար տարիներ մեր երկրում նպատակ եւ ցանկություն կար տեղադրել հաշվիչ-դրամարկղային մեքենաներ, քանի որ աշխարհում սա ստվերի դեմ պայքարի ամենափորձված ու ամենաճիշտ ճանապարհներից մեկն է, եւ ընդհանրապես, քաղաքկիրթ առեւտրի ու գործարարության անբաժանելի մասն է: Բայց ինչ է ստացվում. շատ-շատերն ասելով, որ բիզնեսին ճնշում են, որ այս պայմաններում ՀԴՄ-երի տեղադրումը կարող է միայն ու միայն վնաս բերել, խուսափում են գործընթացից: Չեմ կարծում, թե սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ մեծ հաշվով ՀԴՄ-երի տեղադրումը միայն պետության նպատակների համար չէ, այլ նաեւ գործարարության:

Փաստ երկրորդ, ուզում եմ անդրադառնալ չարաբաստիկ փաստաթղթավորմանը: Բոլորը խոսում են, որ կան կոռուպցիոն ռիսկեր, որ պետական պաշտոնյաները ի չարս են գործադրում իրենց պաշտոնական դիրքը: Շատ-շատ բաների մասին են խոսում, բայց ուզում են, որպեսզի բոլորը աշխատեն փաստաթղթերով, իսկ կոնկրետ գործարարն ինքը միայն զերծ լինի այդ գործընթացից: Սա ընդունելի երեւույթ չէ: Մեկ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ`անկախ այն հանգամանքից, որ մեր տնտեսությունը դժվարին ժամանակաշրջան է ապրում, որ համախառն ներքին արդյունքն անկում է ապրում, մենք հաստատակամորեն գնալու ենք այս ճանապարհով եւ բոլորիդ կոչ եմ անում` սատարել կառավարությանն ու Նախագահին:

Երրորդ խնդիրը. բոլորդ հիշում եք, որ երկար տարիներ պետությունը զլանում էր կատարել իր պարտականությունները արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկի վերադարձման առումով: Բոլորդ նաեւ տեսնում եք, որ վերջին երկու-երեք տարիներին գործընթացն էապես բարելավվում է: Բայց ինչ է ստացվում. հարկային մարմիններն ավելորդ մեծ ուժեր ու հնարավորություններ են ծախսում, որպեսզի ստուգեն այդ փաստաթղթերի հավաստիությունը եւ արդյունքում հանդիպում են շատ տարօրինակ ու զավեշտալի դեպքերի: Ձեռնարկությունը 1-1.5 միլիարդ դրամի պահանջի փաստաթղթեր է ներկայացնում, սակայն ստուգումից պարզվում է, որ պետությունն այստեղ անելիք եւ նույնիսկ մեկ դրամ վերադարձնելու պարտավորություն չունի: Երկու տարի առաջ մեր հանդիպման ժամանակ խոսում էիք այն մասին, որ արդարացի կլինի, որ եթե պետությունը ժամանակին գումարը ձեռնարկությանը չի վերդարձնում, տուգանքներ մուծի: Ես դրան համաձայն եմ, բայց այդ դեպքում ինչպես վարվել այն ձեռնարկության կամ գործարարի հետ, ով իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր է ներկայացնում եւ ամիսներ շարունակ ավելորդ աշխատանքի պատճառ դառնում: Այսպես չի կարելի: Ես սա համարում եմ ոչ միայն անբարեխղճություն, այլ պետությունից փող գողանալու փորձ:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեկ ընդհանուր գործ ենք անում: Պետական պաշտոնյայի ու գործարարի համագործակցությունը եւ համատեղ աշխատանքը պետք է խարսխվի փոխադարձ հարգանքի վրա: Երբ մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցի, որ իրականում բոլորս էլ նույն գործն ենք անում, նույն վտանգի դեմ ենք պայքարում, որ բոլորս միասին նույն խրամատում ենք գտնվում, իսկ մեր դեմ խիստ վտանգավոր ճգնաժամն է, այդ դեպքում, համոզված եմ, շատ ավելի համաքայլ կգործենք:

Հարգելի գործարարներ,

Այսօրվա համաժողովում գործարար համայնքի այսպիսի լայն ներկայացվածությունը, տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների ներկայությունը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ շնորհակալ եմ ձեր ջանքերի համար:

← Վերադառնալ