10
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրենին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին:

Հանրապետության Նախագահ գոհունակություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության և մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական ու խորհրդատվական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելուն վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իշխանություններն անելու են հնարավորը առկա կարողություններն ու ֆինանսական հնարավորություններն արդյունավետորեն օգտագործվելու` տնտեսության առավել տուժած ոլորտներին և հասարակության կարիքավոր խմբերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Լոնդոնում վերջերս տեղի ունեցած "Մեծ քսանյակի" գագաթնաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Վերջինս հավաստել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, հաշվի առնելով իրական կարիքները, այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Մասուդ Ահմեդին ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Մասուդ Ահմեդին ևս մեկ անգամ ողջունել է լողացող փոխարժեքի և ֆինանսական կայունության պահպանմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների վճռականությունը` շարունակելու նախատեսված բարեփոխումների ծրագրի իրականացումը:

← Վերադառնալ