31
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:

Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:

Կապան քաղաքի "Եռաբլուր" պանթեոնում Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին:

Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարզի լեռնահանքային համալիրի խնդիրները, այդ ուղղությամբ հետագա քայլերն, ինչպես նաեւ Սյունիքի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակն ու առաջնային կարեւորության խնդիրները:

ՀՀ Նախագահն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Այսօր այցելությունս սկսել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից: Տեղում տեսանք, որ կոմբինատն ամբողջովին ոչ միայն աշխատում է, այլ նաեւ զարգացման ծրագիր է իրականացնում: Ամենայն խորությամբ ծանոթ եմ նաեւ Ագարակի ու Կապանի կոմբինատների ներկա իրավիճակին: Իմ գնահատականը միանշանակ է` Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի, եւ չեմ կասկածում, որ դժվարին որոշումներ են կայացվել:

Եզրակացությունս միանշանակ է` բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարեւոր սոցիալական խնդիր են լուծում, այլեւ վաղվա շահույթներն են վաստակում: Խորապես համոզված եմ, եթե Քաջարանի կոմբինատը 90-ական թթ վերջերին, 2000թ. սկզբներին դժվարություններով չաշխատեր, վերջին հինգ-վեց տարիների հսկայական շահույթները չէր ունենա:

Ձեռնարկությունները պետք է աշխատեն, եւ այս առումով, եթե ՀՀ Կառավարությունից որեւէ լրացուցիչ ակնկալիք կա, մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել: Ընդհանրապես ճգնաժամի հետ կապված, վերջին ամիսների ընթացքում մենք մեկ խնդիր չէ, որ լուծել ենք, եւ այսուհետ եւս որեւէ խոչընդոտի առջեւ կանգ չենք առնելու:

Ճգնաժամի պատճառով պղնձի եւ մոլիբդենի գների աննախադեպ կտրուկ անկման հետեւանքով, երբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ մետաղների գները նվազեցին 3-3.5 անգամ, մեր Հանրապետության ոչ միայն այս ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում: Բոլորին քաջ հայտնի է, որ արտահանման ծավալների մի զգալի մասը կապված է հենց այս կոմբինատների աշխատանքների հետ, հետեւաբար ոչ միայն արտահանման, բնականաբար, նաեւ հարկերի ու պետական այլ եկամուտների խնդիրներ են առաջանում:

Կառավարությունը ճյուղի առաջատար ձեռնարկությունների հետ անընդհատ աշխատել է առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունների ստեղծման համար, եւ առանձին դեպքերում տարբերակված մոտեցումների ցուցաբերմամբ աջակցության ծրագրեր է իրականացնում: Մենք վստահ ենք, որ կառավության աջակցությունը, արձագանքները պետության անմիջական կարգավորմանը ենթակա հարցերում պետք է լինեն օպերատիվ, եւ պետություն-մասնավոր այս համագործակցության պայմաններում մենք պետք է լուծենք Հանրապետության ու մարզի խնդիրները:

Իհարկե, մարզի, Հանրապետության ոչ բոլոր ձեռնարկություններում է հաջողվել գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային նույն կերպ առանց ցնցումների աշխատել ընդգծված անբարենպաստ պայմաններում: Բայց կարծում եմ, այսօր մենք կարողացել ենք հասնել մի իրավիճակի, երբ մեր առջեւ պետք է դնենք ոչ միայն այս երեք ձեռնարկությունների, այլեւ, ընդհանրապես, Հանրապետության շատ ձեռնարկությունների հստակ աշխատանքի խնդիրը:

Առավել եւս, որ ազգային արժույթի` վերջերս արձանագրված արժեզրկումը, եւ մետաղների միջազգային գների փոքր ինչ հուսադրող միտումները, կարծեք թե, որոշակի դրական պայմաններ են ստեղծում: Մենք այդ համեմատաբար եւ հարաբերական բարենպաստ պայմաններից անպայման պետք է օգտվենք":

Այնուհետեւ երկրի ղեկավարը մարզային համապատասխան կառույցների առջեւ դրել է մեկ հստակ պահանջ եւ նշել. "որեւէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, եւ ոչ էլ որեւէ խոչընդոտ է լինելու դրանք ճիշտ ժամկետում մարդկանց հասցնելու: Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն` ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, եւ այս խնդիրներում որեւէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է իբրեւ անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետեւաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարեւորագույն խնդիրն այսօր":

Խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացնել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առավել ընդգրկուն խնդիրները:

← Վերադառնալ