24
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին եւ Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամներին:

Հայաստան Եվրամիության խորհրդատուների խումբ գործուղելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ընթացքում: Խմբի նպատակն է խորհրդատվական օժանդակության տրամադրել ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների կտրվածքով Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը լավագույնս կատարելու համար:

Ողջունելով խորհրդատվական խմբի անդամներին, Նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանց գործունեության պաշտոնական մեկնարկին նման հանդիպումը կարող է օգտակար լինել եւ նպաստել խմբի առաքելության հաջող իրականացմանը:

Գոհունակությամբ ընդգծելով բանակցությունների ընթացքում փոխվստահության մթնոլորտը, Սերժ Սարգսյանն ասել է, որ ստորագրված հուշագիրը, եւ ընդհանրապես այդ ուղղությամբ բոլոր գործողությունները մեկ նպատակ են հետապնդել. այնպես անել, որ Հայաստանը կարողանա առավել արդյունավետ ու օգտակար իրականացնել Գործողությունների ծրագիրը: "Մենք կարծում ենք, դա, ի վերջո, պետք է բերի նրան, որ ստեղծվեն լրացուցիչ նոր կարողություններ, իսկ առանձին դեպքերում, որպես արդյունք, կարող է լինել նոր ինստիտուտների ձեւավորումը", -ընդգծել է երկրի ղեկավարը:

Դիմելով խորհրդատվական խմբի անդամներին, Նախագահն ասել է. "այս ծրագրի իրականացումը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը եւ իշխանությունները հավատ ունի մեր հարաբերությունների ապագայի հանդեպ: Կարծում եմ, համատեղ փորձառությունը օգտակար կարող է լինել նաեւ Արեւելյան քաղաքականության ծրագրերի իրականացման համար: Մենք ողջունում ենք Արեւելյան գործընկերության հաստատումը ԵՄ գագաթնաժողովի կողմից: Վստահ ենք, որ Հայաստանի համար այստեղ կան նպաստավոր տեղեր, եւ մենք հաճույքով կաշխատենք մեր երկրի համար օգտակար ծրագրեր իրականացնել":

Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է Եվրամիության, եվրոպական կառույցների աջակցությունը մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր երեխաների ապագան ավելի ապահով դարձնելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների ծրագրերին: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդատուների աշխատանքն ու դերակատարությունը եւ նշել, որ նրանց օժանադակութունը լինելու է պահանջված ու անհրաժեշտ:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը ողջունել է Եվրամիության հետ հարաբերությունները մերձեցնելու Հայաստանի նախագահի ջանքերը` նմանօրինակ համագործակցության առկայությունը գնահատելով փոխադարձ վստահության վկայություն:

← Վերադառնալ