06
03, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկային

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահն ասել է, որ հայ-իտալական հարաբերությունները զարգացման լավ հեռանկար ունեն`այդ համատեքստում կարեւորելով քաղաքական երկխոսության եւ փոխադարձ շփումների ակտիվացումը:

Իտալիայի փոխարտգործնախարարի խոսքով` իր երկիրը եւս հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ, որի համար կան լուրջ նախադրյալներ եւ բարի կամք:

Նշելով, որ երկու երկրների ցանկությունները համահունչ են, Նախագահ Սարգսյանը դեպի եվրոպական ընտանիք ճանապարհին Հայաստանի համար էական է համարել Իտալիայի նման առաջատար երկրի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ընդլայնումը:

Կողմերը խոսել են նաեւ Եվրամիության "Արեւելյան գործընկերության" նախաձեռնության մասին` նկատելով, որ այն համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է գործակցության տարածաշրջանային բաղադրիչը:

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` անցած տարվա օգոստոսին վրաց-օսական ճգնաժամի շրջանում Իտալիայի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով`այդ իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ճանապարհով: Նշելով, որ իր երկիրը շահագրգռված է Կովկասում կայունության հաստատմամբ, Ալֆրեդո Մանտիկան ասել է, որ Իտալիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացումներին:
Հայաստանի ղեկավարը բարձր է գնահատել տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Իտալիայի հավասարակշռված վերաբերմունքը:

← Վերադառնալ