06
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարարին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը եւ հույս հայտնել, որ նախարարի այցն այդ առումով լրացուցիչ խթան կհանդիսանա:

Շեյխա Ալ Կասիմիի խոսքով, հայ գործընկերներն իրենց առաջարկել են համատեղ ծրագրերի լուրջ փաթեթը, որն առաջիկայում կքննարկվի Էմիրությունների գործարար լայն շրջանակների հետ: Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում եւս, ինչպես ԱՄԷ-ում, մեծ ուշադրություն է հատկացվում կրթությանը եւ ընդհանրապես մարդկային ռեսուրսին: Կողմերը որպես տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառները:

Նախագահ Սարգսյանը Միացյալ Էմիրությունների առաջընթացն ու ձեռքբերումները տպավորիչ է համարել եւ ասել, որ Հայաստանը եւ ԱՄԷ-ը թեեւ տարբեր պայմաններում են, այնուամենայնիվ հետաքրքիր է այդ փորձն ուսումնասիրել եւ այն մեր երկրի համար կարող է օգտակար լինել:

Սերժ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի ջրային տնտեսությանը տրամադրած օժանդակության եւ "Հաղարծին" եկեղեցական համալիրի ենթակառուցվածքների նորոգման նպատակով Շարժայի կառավարիչի նվիրատվության համար:

← Վերադառնալ