03
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին

album picture
album picture
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի յուրաքանչյուր այց մեր երկիր նոր գործնական ծրագրի սկիզբ է դառնում: Նա նաեւ ասել է, որ ժամանակն է կյանքի կոչել շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին Դրեզդենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կիրսան Իլյումժինովը եւս մեկ անգամ շնորհավորել է շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ, եւ ասել. “չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, սակայն երկրորդ անգամ անընդմեջ այդ տիտղոսը պաշտպանելը կրկնակի դժվար է եւ ոչ բոլորին է հաջողվում, դա արդեն վկայում է, որ ստեղծվել է գործող համակարգ”: Նա ողջունել է մարզաձեւի զարգացմանն ուղղված իշխանությունների ջանքերը` նշելով. “երբ կա լուրջ ուշադրություն, կա նաեւ արդյունք”:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է նաեւ մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման ուղղությամբ ՖԻԴԵ-ի կողմից ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում քննարկվել է Երեւանում շախմատի պալատ կառուցելու գաղափարը, որն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել: Խոսվել է նաեւ դպրոցներում որպես ֆակուլտատիվ պարապմունք շախմատի ուսուցման վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օգոստոսին Երեւանում կայանալիք շախմատի միջազգային “Գրան-Պրի” մրցաշարի նախապատրաստմանը:

← Վերադառնալ