24
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետարանում

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008թ. սոցիալ-տնտեսական գործունեության եւ 2009թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Մինչ քննարկումներին անցնելը Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է երկու հանգամանքի վրա:

Նշելով, որ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” օրենքի ընդունումից հետո շատ կարճ ժամանակահատվածում` ընդամենը երեք ամսում, փոխվելու են մայրաքաղաքի կառավարման տրամաբանությունը, սկզբունքներն ու մեթոդները, Նախագահն ասել է, որ այդ ընթացքում եւ քաղաքապետարանի, եւ այսօր գործող թաղապետարանների գործունեության հանդեպ իր պահանջները կրկնապատկվելու են: “Մենք եւ դուք միասին պետք է կարողանանք հավուր պատշաճի իրականացնել մեր գործառույթները, միեւնույն ժամանակ` սահուն անցում ապահովելով կառավարման նոր ձեւին”,-շեշտել է նա:

Ըստ Սերժ Սարգսյանի, սա, ակնհայտորեն, հավելյալ ջանքեր է պահանջում, քանի որ այս ընթացքում Երեւանի բնականոն գործունությունը մեկ վայրկյան անգամ չպետք է խաթարվի: “Մի կողմից անհրաժեշտ է լինելու ապահովել քաղաքի բնականոն գործունեությունը, մյուս կողմից` աշխատանքներ տանել շարունակականության ապահովման համար”,-ընդգծել է նա: Նախագահը քաղաքապետարանից եւ թաղապետերից պահանջել է նաեւ Երեւան քաղաքի խնդիրների, գույքի, պարտքերի, պարտավորությունների ամբողջական հաշվառում, որպեսզի աշխատանքները բոլոր հարթություններում առանց խաթարվելու ու հապաղելու շարունակվեն:

Երկրի ղեկավարի պահանջը մեկն է եղել` այս փոփոխությունները Երեւան քաղաքի բնակչի համար որեւէ լրացուցիչ խոչընդոտ չպետք է ստեղծեն:

Անդրադառնալով երկրորդ խնդրին` Նախագահն ասել է. “Ես արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պետական կառույցներն ու պաշտոնյաները պարտավոր են օժանդակել գործարարներին, աջակցել ցանկացած գործարար նախաձեռնության: Աջակցել ասելով` ես հասկանում եմ մի կողմից` օժանդակել, եւ, ինչու չէ, նաեւ չխոչընդոտել, որ, գուցե, ամենակարեւորն է, մյուս կողմից` հետեւել տրված պարտավորությունների կատարմանը: Այս առումով, հաշվի առնելով քաղաքապետարանի եւ թաղապետարանների առանձնահատկությունները, ճիշտ կլինի ուշադրությունը սեւեռել պետական գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատողների կողմից իրականցվող ծրագրերին եւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սա շատ էական հանգամանք է":

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը հաշվետվություն է ներկայացրել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների անցած տարվա սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ: Նա, մասնավորապես, խոսել է տրանսպորտի, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության, առեւտրի ու սպասարկումների, կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերի եւ առկա խնդիրների մասին: Քաղաքապետը ներկայացրել է նաեւ Երեւան քաղաքի 2009թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաեւ նախագահ Սարգսյանի կողմից 2008թ. հուլիսի 9-ին քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը` նշելով, որ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ նախնական պայմանավորվածությամբ պետք է ավարտվեն 2012թվականին: Համապատասխան ծրագրեր են մշակվել նաեւ մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման եւ կանաչապատման ուղղությամբ:

Հանրապետության ղեկավարը Երեւանի քաղաքապետին առաջարկել է ներկայացնել նաեւ մինչեւ 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակարանների եւ իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանած քաղաքացիների սեփականության իրավունքի վերականգնման գործընթացը` նշելով, որ այն իր նախընտրական խոստումներից մեկն է, եւ “բնականաբար, հետաքրքիր է իմանալ, ուր ենք հասել, ինչ խնդիրներ կան, եւ ինչ պետք է անենք, որպեսզի այդ խոստումն օր առաջ իրականացնենք”: Այս առնչությամբ քաղաքապետը պատասխանել է, որ “Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին” օրենքի ընդունումից հետո մինչ օրս օրինականացվել է շուրջ երկու հազար երկու հարյուր գույքային միավոր: Նախագահը հանձնարարել է արագացնել գործընթացը:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել նաեւ Երեւան քաղաքի բազմաբնակարանային ֆոնդի կառավարման հիմնախնդիրներին: Այս առնչությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպման ծրագիրը` նշելով, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ գերմանական “Ֆիխթներ” ընկերությունը շարունակում է խորհրդատվական աշխատանքները` նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություններ Երեւանում սանիտարական մաքրման, աղբահանության, աղբավայրերի, բնապահպանական հիմնախնդիրների ողջ փաթեթի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը` Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ 2009թ. շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել պետական գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատողների կողմից իրականացվող ծրագրերին եւ ստանձնած պարտավորությունների կատարմանը:

← Վերադառնալ