19
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:

Հանրապետության Նախագահը այցելել է "Տաշիր" կարի ֆաբրիկա եւ "Տաշիր Կաթ" ընկերություն:

Այցի շրջանակում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է բանաստեղծի ծննդավայր Դսեղ: Երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել մեծ բանաստեղծի շիրիմին եւ շրջայց կատարել տուն թանգարանում:

Հանրապետության Նախագահը նաեւ այցելել է Վանաձորի "Գլորիա" կարի ֆաբրիկա, Վարդանանց տոնի առթիվ եղել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ինչպես նաեւ այցելել Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հուշարձանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահի այցն ավարտվել է Վանաձորի շախմատի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը մասնակցությամբ:



***



ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք միասին նշում ենք Հովհաննես Թումանյանի եւ ինչպես դուք եւ մենք ենք սիրում ասել, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140-րդ տարեդարձը: Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը, նորովի վերծանելու նրանց հայրենաշեն գաղափարներն ու պատգամները:

Այս առումով Հովհաննես Թումանյանը բացառիկ երեւույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական, քաղաքական կյանքում:

Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին եւ գեղագիտական հաճույք ստանալ, այլեւ դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրման օրինակ է` իր երկրի ու ժողովրդի ցավերով ապրելու, այդ ցավերին դարման գտնելու օրինակ: Այսպիսի օրինակները վարակիչ են, եւ յուրաքանչյուր սերունդ, մասնավորապես այսօր Հայաստանում եւ Սփյուռքում մեծացող հայորդիները, նման պատվաստման կարիքն ունեն:

Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նաեւ Վարդանանց տոնն է: Այս առթով ես շնորհավորում եմ բոլորիս: Վարդանանց սխրանքն ու կեցվածքը նույնպես դարեր շարունակ պատվաստվել են աճող սերունդներին` որպես ազգային ինքնության, ինչպես նաեւ ազատությունը կյանքից վեր դասելու օրինակ: Վարդանանք եւ նրանց հետնորդները, Հովհաննես Թումանյանն ու նրա հետնորդները ներկայի եւ վաղվա Հայաստանի հոգեւոր-բարոյական եւ ինչու չէ` քաղաքական չափորոշիչներն են: Ավելի բարձր չափորոշիչներ պարզապես անհնար է գտնել:

Թումանյանի մեջ մենք տեսնում ենք մի կողմից` ջերմեռանդ հայրենասիրություն, մյուս կողմից` ընդգծված հարգանք այլ ժողովուրդների, նրանց արժեքների նկատմամբ: Տեսնում ենք մի կողմից` քաջություն, անձնական խիզախություն, ամենաօրհասական իրավիճակներում խուճապը բացառող սառնասրտություն ու հավասարակշռություն, մյուս կողմից` խաղաղասիրություն: Եւ պատահական չէր, որ ամենատարբեր հարցերում, լիներ գրական, մշակութային, թե քաղաքական, որտեղ որ պատվիրակ կամ բանագնաց էր պետք, ընտրությունը կանգ էր առնում բանաստեղծի վրա: Իհարկե, նրա նկատմամբ ակնածանք ունեին բոլորը, բայց դրա հիմնական պատճառն այն էր, որ նա մեծ իմաստնությամբ ու խոհեմությամբ էր վարում ցանկացած երկխոսություն` անկախ նրանից նրա առջեւ վրացի մտավորական է, ցարական պաշտոնյա, մահմեդական հովիվ, բոլշեւիկ հեղափոխական, Հայաստանի կառավարության անդամ, թե պարզ լոռեցի շինական:

Ավելի քան մեկդարյա հեռավորությունից նայելով` այսօր ակնհայտ է, որ իր քաղաքական լայնախոհությամբ Թումանյանն իսկապես առանձնանում էր իր ժամանակի մեջ: Նրա հավատը մեր ժողովրդի ներքին հնարավորությունների եւ Հայաստանի գալիք օրվա հանդեպ անսահման էր ու անխորտակ: Արեւի պես պայծառ նրա լավատեսությունը կենսական ուժի աղբյուր էր բոլոր նրանց համար, ում հավատը թուլացել էր, ում հույսը պակասել էր: Եվ հենց 1915 թվականին, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, 1915 թվականին` հայ ժողովրդի համար ամենաօրհասական պահին էր իր երկիրն անվանում`

Հույսի հայրենիք,

Լույսի հայրենիք.

ի տարբերություն այսօր ապրող եւ գործող ու Թումանյանին հարյուր անգամ զիջող քաղաքական, այսպես կոչված, գործիչների, ովքեր որեւէ առիթ բաց չեն թողնում փնովելու սեփական երիտասարդ երկիրը, պետությունը:

Թումանյանն իր սերնդակիցների հետ միասին ապրեց նաեւ պետություն չունեցող մտավորականի ողբերգությունը, երբ մեն-մենակ երբեմն ստիպված էր լինում իր ուսերին առնել եւ իրականացնել պետական կառույցների, ամբողջ նախարարությունների գործառույթներ: Իհարկե, դա աշխատելու եւ ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ ձեւը չէր, բայց ճակատագիրը Թումանյանին եւ նրա սերնդին, նրա ժամանակակիցներին այլընտրանք չէր թողել: Ժողովրդի կազմակերպման լավագույն եւ բարձրագույն ձեւը պետությունն է, եւ այսօր հայոց պետությունն է, որ իր ուսերին է առել այդ եւ դրանցից բխող մյուս խնդիրների լուծումները:

Սիրելի հայրենակիցներ,

Այնպես է ստացվել, որ այսօր, փետրվարի 19-ին, լրանում է նաեւ իմ` Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մեկ տարին: Այսօր իմ այստեղ լինելը խորհրդանշական է: Ես իմ պարտքն եմ համարում աշխատել եւ պետական մեքենան աշխատեցնել այնպես, որ բոլորիս միասնական ջանքերով մոտեցնենք այն օրը, երբ Հովհաննես Թումանյանի ու մեր բոլորի երազած Հայաստանը հպարտությամբ եւ արժանիորեն կանվանենք`

Իմ նոր հայրենիք,

Հզոր հայրենիք:

← Վերադառնալ