14
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն մեր երկրի մարզերի նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ու իրականացված ծրագրերի ամփոփման, առկա խնդիրների վերհանման եւ առաջիկա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների համակարգման ու դրանց արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահը, Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարները, մարզպետները:

Բացելով խորհրդակցությունը Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք դիտարկումներ է կատարել, կառավարության եւ տարածքային կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով նախանշված աշխատանքները պատշաճ ժամկետում կատարելու վրա: Նախագահը անթույլատրելի է համարել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզկենտրոններում ու հանրապետության այլ համայնքներում ձնահեռացման աշխատանքների հետ կապված արձանագրված հապաղումներն ու դանդաղկոտությունը: "Պետական կառավարման որոշ օղակներում մի գործելաոճ կա, որն ինձ բնավ դուր չի գալիս, եւ մենք պետք է այս գործելաոճին մեկընդմիշտ վերջ տանք: Դա այն է, երբ մենք խնդիրներին անդրադառնում ենք դրանց ի հայտ գալուց հետո` դեպքերի հետեւից ենք գնում",- նշել է երկրի ղեկավարը:

Շարունակելով օրինակները Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին հանրակրթական որոշ դպրոցներում աշխատավարձերի վճարման արձանագրված ուշացումներին, անթույլատրելի եւ տարօրինակ համարելով, որ չնայած պետական բյուջեից նախանշված ժամկետում աշխատավարձային բոլոր վճարումների կատարված լինելուն, առանձին կրթօջախների ղեկավարների ու միջին օղակի պաշտոնյաների կողմից իրենց վերապահված պարտականությունները` համապատասխան պայմանագրերի ստորագրումը եւ թղթաբանության հետ կապված աշխատանքները պատշաճ ժամանակին չկատարելու պատճառով, առանձին կոլեկտիվներ իրենց աշխատավարձը ստացել են ուշացումով: Նախագահ Սարգսյանը հանձնարարել է բացառել նման երեւույթները:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաեւ գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքին. "Մենք այս տարի պարտավոր ենք տասնապատկել ուշադրությունը գյուղի, մեր գյուղացիների, արտադրանք եւ հումք ստեղծողների նկատմամբ: Այս պարագայում ե՜ւ իմ ե՜ւ Կառավարության ուշադրությունը շատ մեծ է լինելու եւ պետք է կարողանանք, ինչո՞ւ չէ, նաեւ այս աշխատանքով, մեղմել տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեր տնտեսության վրա",- նշել է Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը հանձնարարել է աշխատանքներ տանել տարածքային կառավարման մարմինների ու դրանց ղեկավարների աշխատանքի արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ ներդնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը մարզպետներին հանձնարարել է լինել ակտիվ եւ կամուրջի դեր ստանձնել Կառավարության կողմից ֆինանսավորվող փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերի ու մյուս կողմից` տեղական գործարար նախաձեռնությունների եւ ծրագրերի միջեւ, նոր աշխատատեղերի ստեղծումը դիտարկելով որպես գերակա նպատակ:

Հանրապետության Նախագահը, անդրադառնալով Շիրակի եւ Լոռու մարզերում այս տարի նախատեսված շինարարական մեծածավալ աշխատանքներին, հանձնարարել է ուսումնասիրել տվյալ մարզերում առկա աշխատուժի հնարավորությունների համապատասխանությունը նախատեսված շինարարարական աշխատանքների ծավալներին եւ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել նաեւ այլ մարզերի մեր քաղաքացիներին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահին զեկուցվել են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, տեղական գործարար նախաձեռնությունների խթանման եւ օժանդակության, համայնքների կողմից եկամուտների հավաքագրման հարցում առկա բացթողումների վերացման, ինչպես նաեւ այս տարվա կտրվածքով նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

← Վերադառնալ