13
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից` Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով: Հանրապետության Նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներում եւ բնագավառներում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա խորացումը, ընդգծելով դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայությունը:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Իսրայելի դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն ու Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել մերձավորարեւելյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Դեսպան Շեմի Ցուրին ողջունել է հայ-թուրքական ընթացող երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման հույս հայտնել:

Անընդունելի համարելով հակամարտությունների ուժային լուծումները, զրուցակիցները ընդգծել են, որ առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի, իսկ խաղաղությունն ու կայունությունը այն արժեքներն են, որոնք կարող են բարիքներ պարգեւել բոլոր ժողովուրդներին:

← Վերադառնալ