29
01, 2009

Շարունակվում են Նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումները Դավոսում

album picture
album picture
album picture
album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ի երեկոյան Դավոսում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Մեր երկրի Նախագահն ու Ռուսաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նկատել, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:

Կողմերն ամփոփել են տնտեսական փոխգործակցության բնագավառում 2008թ. արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը` արդեն 1 մլրդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի Նախագահների 2008 թվականի սեպտեմբերի վեցի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջեւ կայացած հետագա հանդիպումներով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները եւ հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:

Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Երկու երկրների Նախագահները շեշտել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաեւ ընդգծել Շվեյցարիայի մշտապես հավասարակշռված դիրքորոշումը տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը եւ տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցերի:

← Վերադառնալ