29
01, 2009

Մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումները Դավոսում

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ի երեկոյան մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո համաժողովի նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբի կողմից պաշտոնական ճաշ է տրվել Դավոս ժամանած բարձրաստիճան հյուրերի պատվին:

Հանրապետության Նախագահը երեկ ուշ երեկոյան մասնակցություն է ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպած ընդունելությանը:

Այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է իր երկկողմ հանդիպումները Դավոսում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության ներկա մակարդակը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ պատրաստակամություն հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը նաեւ բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

Հանրապետության Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ Էլ Բարադեին` այս ուղղությամբ միջազգային նվիրատուների ջանքերի համակարգման եւ ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար:

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսում հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ: Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր երկրին` Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում: Հարուհիկո Կուրոդան իր հերթին բարձր է գնահատել պետական կառավարման բնագավառում հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ նշել, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ` կարեւորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը` ուղղված Հայաստանի Հանրապետությունում զարգացման խթանմանը:

Այսօր Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյան նախատեսված է նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

← Վերադառնալ