27
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

album picture
Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ կարողացանք հաղթել անհավասար գոյամարտում ու ամրագրել մեր իսկ արժեքներով ապրելու ազատությունը:

Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը: Մենք գիտենք, որ այդ անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվորներին, մեր սպաներին ու հրամանատարներին, մեր խիզախ զավակներին:

Հարգելի´ սպաներ ու զինվորներ,

Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն: Պատմությունը մեր ժողովրդի մեջ արմատավորել է հարգանք Հայոց բանակի նկատմամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զինվորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդանիշ: Այդ պատճառով մեզանում զինվորականի գործը համարվում է ամենապատվաբերներից մեկը:

Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարեփոխումների հերթական փուլը: Մեր խնդիրը ժամանակակից, մարտունակ ու շարունակական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթական ավանդույթների վրա:

Սիրելի´ հայրենակիցներ,

Միասին շնորհավորենք բոլորին, ովքեր մասնակցել են մեր ազատամարտին, ծառայել մեր զինված ուժերում, իրենց ներդրումն ունեցել մեր բանակի կայացման ու ամրապնդման գործում: Մենք հիշում ենք բանակաշինության բոլոր երախտավորներին, մեր զինակիցներին ու մարտական ընկերներին, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար: Եվ անշուշտ խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջեւ, ով իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի:

Այս տոնական օրը ձեզ մաղթում եմ խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին` բարի ծառայություն եւ հաջողություններ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը եւ փա´ռք Հայկական բանակին:

← Վերադառնալ