17
01, 2009

Մոսկվայում մեկնարկել է գազային միջազգային համաժողովը

album picture
album picture
album picture
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա` մասնակցելու գազային միջազգային համաժողովին:

Վերջինիս մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:

Բացելով համաժողովը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել ներկաներին` իր հրավերն ընդունելու եւ շատ արդիական ու կարեւոր խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Ըստ նրա` վերջին շրջանում գազամատակարարման հետ կապված խնդիրները շատ բարդ են, եւ մոսկովյան համաժողովը նպատակ ունի ուղիներ գտնել` ներկա իրավիճակը շտկելու համար: Դ. Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է հրատապ կերպով ստեղծված ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնել` վերականգնելու համար Եվրոպայի բնական գազի մատակարարումը, գտնելու գազի առաքման անխափան մեխանիզմներ, ինչը հնարավոր է հավաքական ջանքերի համադրմամբ: ՌԴ նախագահի գնահատմամբ` կյանքը ցույց է տվել, որ գործող գազամատակարարման համակարգը եւ միջազգային օրենսդրական դաշտը արդյունավետ չեն, եւ անհրաժեշտ է այդ ուղղությամբ եւս նոր լուծումներ առաջադրել:

Նշենք, որ 2008թ. տվյալներով` Հայաստանը տարեկան ներկրել է 2,5 մլրդ խմ բնական գազ, գազամատակարարումն իրականացնում է "Հայռուսգազարդ" ՓԲԸ: Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով մեր երկիրն աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` այդ ցուցանիշով ԱՊՀ տարածքում առաջինն է: Աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է:

Մոսկովյան համաժողովի մասնակիցներին, աշխատանքների ավարտից հետո, ՌԴ նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ