26
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:

Հանրապետության նախագահն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Նշելով, որ խորհրդակցությունը նպատակ ունի սկիզբ դնել հանձնաժողովի աշխատանքներին եւ պայմանավորվել գործունեության սկզբունքների, ժամանակացույցի ու ակնկալվող արդյունքների մասին, նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. "Չեմ կարծում, թե հարկ կա կանգ առնել Հայաստանի համար Սեւանա լճի կարեւորության հարցին: Սեւանի եւ նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված է բազմաթիվ ոլորտների հետ` բնապահպանություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, ձկնարդյունաբերություն, խմելու ջուր եւ այլն: Ավելի հեշտ է ասել, թե ինչի հետ չի կապված:

Սեւանը, առանց չափազանցության, Հայաստանի ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որն առաջիկա տասնամյակներում էլ ավելի է թանկանալու եւ նրա նշանակությունը գնալով միայն ու միայն ավելանալու է: Բնության այս պարգեւը մենք պետք է կարողանանք հավուր պատշաճի պահպանել, զարգացնել, եւ մյուս կողմից` անկասկած, խելամտորեն ու լիարժեքորեն օգտագործել: Դա մեր պարտքն է:

Ես գոհունակությամբ պիտք է նշեմ, որ Սեւանի պահպանման գործում վերջին տասը տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել: Այդ ժամանակահատվածում է շահագործման հանձնվել Որոտանի հիդրոհանգույցը, Սեւան-Հրազդան կասկադի բոլոր ՀԷԿ-երը փոխադրվել են իրիգացիոն ռեժիմի, սա նշանակում է, որ ոռոգման սեզոնից դուրս միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Սեւանից ջուր բաց չի թողնվել, որոշ չափով կարգավորվել է լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու չափաքանակների խնդիրը: Դրա շնորհիվ 2008թվականին 2002թ. համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով:

Կարծում եմ, չափազանց կարեւոր էր նաեւ Սեւանի մասին ՀՀ օրենքի ընդունումը:

Այսօր մենք պետք է կարողանանք առավել մեծ ջանքեր ուղղել Սեւանի խնդիրների լուծմանը: Կարծում եմ, հանձնաժողովը դառնալու է այս գործընթացի հզոր շարժիչը: Ես հենց այդպիսի ակնկալիքներ ունեմ: Այս ուղղությամբ մենք էական արդյունքներ պետք է կարողանանք արձանագրել արդեն 2009 թվականի ընթացքում":

Պարզաբանելով, թե ինչու է հենց այս պահին հանդես եկել հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանն ասել է. "Մենք, չգիտես ինչու, շատ խնդիրների մասին սկսում ենք խոսել, մտածել, քննարկել, երբ հարցն իր ողջ հասակով հառնում է, խնդիրները սկսվում են, եւ մենք փորձում ենք հրշեջի դեր կատարել: Կարծում եմ, սա այն դեպքն է, որ մենք հենց հիմա պետք է հանձնաժողով ստեղծենք, որպեսզի մինչեւ ոռոգման սեզոնի սկսելը կարողանանք շատ խնդիրներ լուծել: Որոշակի աշխատանք կատարելուց հետո, երեք-չորս ամսից, հանձնաժողովի հերթական նիստերից մեկը կանցկացնենք Սեւանի ափին եւ միասին կքննարկենք, թե ինչ ենք արել եւ ինչ պետք է անենք հետագայում":

Այնուհետեւ Հանրապետության նախագահն առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք պետք է լինեն հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան.

1. "Հանձնաժողովը պետք է գործնական առաջարկություններ մշակի Սեւանա լճի պահպանության, պաշարների օգտագործման բնագավառում կառավարման բոլոր օղակների, նրանց ծառայությունների ու ստորաբաժանումների համատեղ գործունեությունը ապահովելու վերաբերյալ` ուղղված լճի էկոհամակարգերի պահպանմանն ու զարգացմանը,

2. Պետք է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու առաջարկություններ մշակվեն լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտ նիշը ապահովելու, ջրի մաքրության եւ կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ,

3. Հարկավոր է հետեւել Սեւանա լճի կենտրոնական գոտում քաղաքաշինական գործունեության սահմանված կարգի պահպանմանը, ափամերձ ցամաքային տարածքների կազմակերպման միջոցառումների իրականացմանը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ,

4. Առաջարկություններ եմ ակնկալում նաեւ կառավարության կողմից սահմանված ձկան պաշարների պահպանման ու վերարտադրության, ինչպես նաեւ արդյունավետ որսի կանոնները պահպանելու ուղղությամբ,

5. Լճի մակարդակի մինչեւ 6 մետր բարձրացմանն ուղղված միջոցառումներից ամենահրատապը Արփա-Սեւան թունելի վթարային հատվածի վերականգնումն է: Թունելի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 5 տարվա ընթացքում: Վերականգնման աշխատանքների իրականացման հաջորդականությունը պետք է որոշվի մասնագետների հետ հանձնաժողովի հանգամանորեն քննարկումից հետո: Մենք անպայման միջոցներ գտնելու ենք այս խնդիրը լուծելու համար:

6.Աններելի է, երբ Սեւանից բաց թողնված ջրի գրեթե կեսն է հասնում բույսին, մնացածն անհետ կորչում է: Սեւանի ջրով ոռոգվող յուրաքանչյուր հեկտարի հաշվով ջրի ծախսը 2-3 անգամ գերազանցում է ոռոգման նորման: Այստեղ մենք հսկայական աշխատանք ունենք անելու եւ դրանք եւս պետք է համալիր անենք: Այսուհետեւ Սեւանից ոռոգման նպատակով ջրի բաց թողնման ծավալները եւ ժամկետները պետք է որոշվեն ու իրականացվեն հանձնաժողովի կողմից բազմակողմանի եւ հիմնավոր քննարկումից հետո: Միաժամանակ գործնական առաջարկություններ պետք է մշակվեն ջրի կորուստները ջրօգտագործման բոլոր օղակներում մինիմումի հասցնելու համար:

7. Այսօրվանից պետք է ձեռնարկվեն Մխչյանի, Ռանչպարի եւ Արեւշատի ջրհան կայանների վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներն, այն հաշվով, որ նրանք 2009թ. ոռոգման սեզոնին պատրաստ լինեն: Դա, իրոք, զգալի կթեթեւացնի Սեւանի հոգսը:
8. Անհրաժեշտ է նաեւ միջոցառումներ մշակել ու իրականացնել Ապարանի ջրամբարից ջրի կորուստների կրճատման, ջրամբար մուտք գործող հոսքերի կարգավորման ուղղությամբ:

9. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ջրի որակի ապահովման համալիր միջոցառումներին`

2009թ. 1-ին կիսամյակում պետք է ավարտվի Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի մաքրման կայանների նախագծումը, երկրորդ կիսամյակում պետք է սկսվեն դրանց շինարարական աշխատանքները:

Պետք է ուսումնասիրվեն եւ աստիճանաբար իրականացվեն ավազանի մյուս խոշոր բնակավայրերի կեղտաջրերի մաքրման աշխատանքները:

Անհրաժեշտ է, որպեսզի խստորեն վերահսկվեն լճի էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցություն ունեցող տնտեսական բոլոր տեսակի գործունեությունները, պահպանվեն օրեքով սահմանված ռեժիմները` հատկապես հանքարդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում":

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը վկայում է ստեղծված իրավիճակի առնչությամբ երկրի ղեկավարի մտահոգության ու առկա խնդիրները լուծելու նպատակադրվածության մասին: Ըստ Վլադիմիր Մովսիսյանի, հանձնաժողովում հավաքված են բանիմաց ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ փորձ եւ ունակություններ առաջադրված հիմնախնդիրները լուծելու համար:

Ներկաները նման հանձնաժողովի ստեղծումը գնահատել են խիստ արդիական: Նշելով, որ Սեւանն ունի բազմապիսի գործառույթներ, նրանք կարեւորել են այդ ուղղություններով հավասարակշռված, հիմնավորված, ողջամիտ ու գործնական աշխատանքը:

← Վերադառնալ