Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ
Վեհափառ Տեր,
Հարգելի պարոն Քոչարյան,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի ներկաներ,
Այսօր մեր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցն է: Աղետ, որի բերած կորստի ու ողբերգության ցավը երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտից արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, եւ ողջ մարդկությանը միավորեց "Քեզ համար, Հայաստան" կարգախոսով` անկախ աշխարհագրական հեռավորությունից, անկախ Սառը պատերազմի իրողություններից, գաղափարախոսությունից ու քաղաքական հայացքներից:
Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը: Բնության կույր տարերքը րոպեների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց անօթեւան: Տարիներ շարունակ մեր երկրի հյուսիսային հատվածը կոչվեց "աղետի գոտի":
Այս օրերին, մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը:
Կրկնակի ողբերգություն է, երբ դժբախտությունը մենակ ես կրում: Սակայն ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրվանից մեր ժողովուրդը զգաց մարդկային հոգու ջերմությունն ու բարեկամության շունչը: Աշխարհը միացավ մեր վշտին:
Անկարելի է մոռանալ բելգիացի մանուկների փողոցում տված բարեգործական համերգները, մարդասիրական օգնություն բերող` Հարավսլավիայի օդաչուների ընդհատված թռիչքը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի փրկարարներին ու շինարարներին, Շառլ Ազնավուրի, Մայր Թերեզայի, Նիկոլայ Ռիժկովի, Հովհաննես Պողոս Երկրորդի, Քըրք Քրքորյանի, Ջոն Հանթսմանի, Ալեք Մանուկյանի եւ շատ ու շատ ուրիշների նվիրումները: Վիրավոր Հայաստանի կողքին էին Միութենական հանրապետությունները, Ֆրանսիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Իտալիան, Նորվեգիան, Իրանը, Չեխոսլովակիան, տասնյակ այլ երկրներ, միջազգային ու հայկական տասնյակ բարեգործական կազմակերպություններ: Մեր ժողովրդի հիշողության մեջ հավերժ կմնան Ժակ Շիրակը, Ֆրանսուա Միտերանը, Մարգարետ Թեթչերը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ բազմաթիվ այլ ղեկավարներ. ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիացի սենատորները, քենեդիների եւ բուշերի ընտանիքները, աշխարհահռչակ երգիչների ու երաժիշտների խմբերը: Շատ շատերը:
Երկրաշարժի առաջին իսկ ժամերից աշխարհն իր մարդասեր հայացքն ուղղեց մեր ողբերգությանը` մեկ անգամ եւս ապացուցելով, որ ուրիշի ցավ չի լինում, ուրիշի վիշտ չկա: Այն դժվարին օրերին "բարեգործություն" բառն իր իրական արտահայտությունն ու հասցեն գտավ մեր երկրում:
Այսօր մեր պարտքն է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշել բոլորին` փրկարարներին ու շինարարներին, օդաչուներին ու պետական այրերին, ջուր եւ հաց հասցնողներին, վերմակ ու վրան ուղարկողներին: Բոլորին: Հայաստան էին այցելում մարդիկ` մեզ զորակցելու, քաջալերանքի խոսքեր ասելու, հույս ու հավատ ներշնչելու եւ պարզապես մեր մեծ վշտի հետ մեզ մենակ չթողնելու:
Եվ մենք այսօր բոլորին ասում ենք` շնորհակալություն:
Այսօր մենք բացում ենք մի հուշարձան, որի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձեւակերպմամբ` "Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին": Գյումրու արժանի զավակ Ֆրիդ Սողոյանի եւ նրա որդիների կերտած արձանը մարդկային լավագույն հատկանիշների` ողբերգության պահին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության եւ մարդասիրության յուրատեսակ խորհրդանիշ է: Այդ որակները արժանացել են հայ ժողովրդի երախտագիտությանը, նաեւ այս հուշարձանի միջոցով, որ մի կողմից արտահայտում է մարդու խոցելիությունը, մյուս կողմից` արհավիրքին դիմակայելու ունակությունը: Այն համատեղում է կորստի ցավը եւ վերածննդի հավատը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշարձանի ստեղծմանը` գաղափարից մինչեւ իրագործում: Առաջին հերթին սիրելի վարպետին` Ֆրիդ Սողոյանին: Հատուկ շնորհակալություն Նիկոլայ Ռիժկովին, ով կանգնած է եղել այս գաղափարի ակունքներում, ով երկրաշարժից 20 տարի անց էլ շարունակում է իր մեծ առաքելությունը: Եվ երեկվանից նա արդեն կրում է մեր պետության բարձրագույն` "Հայաստանի ազգային հերոսի" կոչումը:
Հայրենակիցներ,
Անցած տարիների ընթացքում մենք սերտում էինք ավերիչ երկրաշարժի դասերը: Կարողացանք նաեւ բազմաթիվ խնդիրներ լուծել: Նախագահ Քոչարյանի անմիջական առաջնորդությամբ մեծածավալ աշխատանք կատարվեց, հնարավոր եղավ հաղթահարել հուսահատությունը, բարելավվեցին հազարավոր ընտանիքների բնակարանային պայմանները: Կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական ու մշակութային բազմաթիվ օջախներ: Սակայն մեզ չհաջողվեց իսպառ վերացնել աղետի հետեւանքները: Ավելին, այսօր մենք ունենք արագ զարգացման խնդիր, այսօր մենք պետք է կարողանանք Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի, ինչպես եւ մեր մյուս մարզերի զարգացման տեմպերը համապատասխանեցնել Երեւանի զարգացման տեմպերին: Միասին լուծելու ենք այս խնդիրները:
Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք. չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին, մենք սրան հասնելու ենք:
Սակայն ամենից կարեւորն այն է, որ սպիանան վերքերը ձեր` 1988-ի արհավիրքը վերապրած մարդկանց հոգիներում. մի բան, որ սկիզբ է առնում նոր ծնված մանկան ճիչով ու վազվզող փոքրիկների աղմուկով: Ամիսներ առաջ ես բոլորիդ խոստացել եմ, որ Գյումրին պետք է վերածվի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի: Գյումրին պետք է հնարավորություն ունենա դառնալու համահայկական խաղերը, Հայաստան-Սփյուռք համաժողովները, միջազգային խոշոր հանդիպումներ հյուրընկալող կենտրոն, սպորտի, արվեստների մայրաքաղաք` վերագտնելով իր երբեմնի աշխուժությունը: Այդպես էլ լինելու է:
Իմ պահանջը պարզ է. առավել ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Ես պահանջելու եմ ոչ միայն վիճակագրական տվյալներ, այլ միջավայրի փոփոխություն, մթնոլորտի ու աշխատանքի ոճի փոփոխություն:
Խնդիրը չեմ համարի լուծված, մինչեւ աղետից տուժած վերջին ընտանիքը, այստեղ գտնվող վերջին անօթեւան քաղաքացին չստանա իր բնակարանն ու արժանապատիվ կեցության պայմանները:
Քսան տարի առաջ, համամարդկային աջակցության կոչն էր "Քեզ համար, Հայաստան"-ը. բառեր, որոնք այժմ մեզանից յուրաքանչյուրի համար իմաստավորվել են նորովի ու ընկալվում են որպես հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու կոչ:
Այդ կոչն ավելի ոգեւորիչ է դառնում ամեն մի բնակարանամուտով, ամեն նոր կրթօջախի շահագործմամբ, յուրաքանչյուր հայ մարդու աշխատանքով`
հանուն Սպիտակի ու Գյումրու,
հանուն Շիրակամուտի ու Վանաձորի,
հանուն մեր ժողովրդի,
եւ հանուն Հայաստանի հզորացման: