05
12, 2008

Աշխատանքային խորհրդակցություն` առեւտրային բանկերի ղեկավարների հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել հայաստանյան առեւտրային բանկերի ղեկավարներին:

Երկրի ղեկավարն ասել է, որ խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն է` բնականաբար, հաշվի առնելով նաեւ բանկային համակարգի կարծիքը:

Անդրադառնալով այս ընթացքում համակարգի գործունեությանն, Հանրապետության նախագահն ասել է."Ի պատիվ մեր բանկերի, մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում եմ, դա առաջին հերթին պայմանավորված էր ձեր խոհեմ քաղաքականությամբ` թե միջոցների ներգրավման, թե դրանց տեղաբաշխման հարցերում:

Բազմիցս լսել եմ մարդկանց կարծիքը, թե իրենք վստահում են հայկական բանկերին: Սա, անշուշտ, առավելություն է, եւ մենք պետք է կարողանանք այն առավել արդյունավետ օգտագործել: Ներկայումս, երբ ֆինանսական ճգնաժամին հաջորդեց նաեւ տնտեսականը, մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք արդյունավետ միջոցներ ձեռնարկել, սնուցել տնտեսության այն ճյուղերին, որոնք կարող են շահույթ ապահովել, զարգանալ եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Իսկ այդպիսի բիզնեսներ Հայաստանում կան: Կան ծրագրեր եւ այդ ծրագրերը, նույնիսկ քիչ ֆինանսավորման, վարկավորման պայմաններում կարող են իրականություն դառնալ: Առաջին հերթին, բնականաբար, նկատի ունեմ փոքր եւ միջին բիզնեսը: Այս խնդիրներում, դուք շատ ակտիվ պետք է լինեք: Իրոք, մեր բանկային համակարգը պետք է դառնա փոքր եւ միջին բիզնեսի կենարար աղբյուր: Սա պետք է լինի ձեր հիմնական նպատակը, եւ այս գործում, բնականաբար, դուք կստանաք պետության աջակցությունը: Մենք պետք է խթանենք արտահանումը:

Մշտապես այդ խնդիրներով ես հետաքրքրվել եւ հետաքրքվելու եմ: Վստահ եղեք, որ այն խոշորածավալ փաթեթը, որ արդեն կառավարությունն ընդունել է, առաջին քայլն է, եւ ոչ` վերջինը: Ուղղակի մենք պետք է կարողանանք շարունակել աշխատել այն նույն որակով, որով աշխատեցինք այս մի քանի ամիսների ընթացքում:

Նորից եմ կրկնում` մենք սատարելու ենք ձեր ջանքերին, մշտապես միջոցներ ենք փնտրելու, գտնելու, տրամադրելու, իսկ դուք այդ միջոցները պետք է օգտագործեք հանուն մեր տնտեսության զարգացման, արտահանման ավելացման":

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: "Մենք չենք կարող մեկուսացված մնալ, չենք կարող հայտարարել, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդելու Հայաստանի տնտեսության վրա, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները",-նշել է Նախագահը եւ հավելել, որ "շատ ավելի դժվարին ժամանակահատվածներ են եղել պետության կայացման փուլում, տնտեսության մեջ եւ սա ամենից ծանր շրջանը չէ":

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել լսել ներկաների առաջարկություններն ու խորհուրդները:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսել է 2008 թվականի ընթացքում բանկային համակարգում տեղի ունեցած զարգացումների եւ ներկայումս նկատվող միտումների մասին: Նա ասել է, որ համակարգն առանձնանում է կապիտալիզացիայի եւ իրացվելիության բարձր մակարդակով, որի արդյունքում այն կայուն է եւ ունակ` կլանելու մի շարք ռիսկեր: Համակարգում ձեւավորված է փոխադարձ վստահության եւ աջակցության մթնոլորտ:

ԿԲ նախագահի խոսքով, տարեսկզբից մի շարք բանկերում արձանագրված կանոնադրական կապիտալի համալրումը ներկայումս եւս շարունակվում է, ինչպես նաեւ վերջին ամիսներին նկատվում է ֆիզիկական անձանց ավանդների աճ: Ըստ Արթուր Ջավադյանի, բարելավվել են նաեւ առեւտրային բանկերի հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ, միայն վերջին ամիսներին կնքվել են 80 մլդ դրամի պայմանագրեր, որոնք բոլորը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ են:

Խորհրդակցության մասնակիցները համակարծիք են եղել, որ մեր երկրի մրցակցային եւ հարաբերական առավելությունների ճիշտ օգտագործումը հնարավորություն կտա մեղմել ճգնաժամի հետեւանքները:

Քննարկվել են նաեւ համակարգին առնչվող այլ հարցեր, մասնավորապես երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման, շարժական եւ անշարժ գույքի գրավադրման հետ կապված խնդիրներ: Նախագահ Սարգսյանը բանկիրների հետ քննարկել է առաջադրված բոլոր խնդիրների հնարավոր լուծումները, լսել նրանց տեսակետներն ու առաջարկները: Նա նշել է, որ բարձրացված շատ հարցերի շուրջ վերջնական լուծումներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Ամփոփելով խորհրդակցությունը, Հանրապետության նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է. "պետությունն ունի բավարար հնարավորություններ, միջոցներ օժանդակելու բանկային համակարգին համապատասխան միջոցների հարցում, իսկ բանկային համակարգը պետք է նոր եռանդով աշխատի բիզնեսի վարկավորման դաշտում":

← Վերադառնալ