04
12, 2008

Նախագահ Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրաբանկի պատվիրակությանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Եվրաբանկի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ փոխգործակցությունը սկսվել է դեռեւս երկրի անկախացումից անմիջապես հետո, եւ այս տարիների ընթացքում արձանագրված հաջողություններում, անկասկած, մեծ է նաեւ Բանկի դերակատարությունը:

Ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից, երկրի ղեկավարն առանձնացրել է երկուսը` տնտեսության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, եւ համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգմաժամին դիմակայելը, դրա ազդեցությունը հնարավորինս նվազագույնի հասցնելը: Նախագահն այս համատեքստում առաջնային քայլեր է համարել լրացուցիչ միջոցների ներգրավումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, միաժամանակ նշել, որ կառավարությունը նախատեսում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ` երկարաժամկետ ծրագրերի իրականացում:

Եվրաբանկի ներկայացուցիչները Հայաստանի հետ համագործակցությունը գնահատելով արդյունավետ, ասել են, որ այն գործընկերության դաշտն ընդլայնելու նոր հնարավորություններ է ընձեռում, եւ դա Բանկի ռազմավարական նպատակներից է: Չնայած դժվարին ժամանակահատվածին, նրանք ակնկալում են, որ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգացման ուղին:
Բանկի տնօրենների խորհրդի անդամները նաեւ տեղեկացրել են, որ վերջերս որոշում են կայացրել` մեծացնել ներգրավվածության ծավալներն այն երկրներում, որտեղ գործունեություն են ծավալում: Նրանց խոսքով, Հայաստանի հետ կապված բիզնես ծրագրերը բավականին հավակնոտ են, եւ այդ առումով Բանկի ու կառավարության ռազմավարական մոտեցումները համընկնում են:

Հանրապետության նախագահը եւս ցանկություն է հայտնել, որ Եվրաբանկն ավելի խորը ներգրավվածություն եւ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում` նշելով, որ խնդիրը ոչ միայն ֆինանսական միջոցները են, թեեւ դրանք շատ էական են: Ըստ Սերժ Սարգսյանի, Բանկը իր հետ բերում է կառավարման նոր մշակույթ, ինչը չափազանց կարեւոր է:

← Վերադառնալ