Մամուլի հաղորդագրություններ
Կայացել է ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական 10-րդ նիստը:
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգին, մասնավորապես ատոմային էներգետիկային առնչվող խնդիրներ:
Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, համառոտ անդրադարձել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման միտումներին եւ հեռանկարներին:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովելու գործում էական ներդրում ունենալու համար: "Մենք գոհ ենք, որ անվտանգության մակարդակը հիմնականում համապատասխանում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են միջազգային չափանիշներով: Խորհրդի մասնագետների բարեխիղճ աշխատանքը` խորը մասնագիտական գիտելիքների նպատակային կիրառման եւ իրենց մասնագիտական գործին անշահախնդիր նվիրվածության, օրինակ է: Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքն ապահովում է երկրի էներգետիկ անվտանգության պահպանումն անհրաժեշտ բարձր մակարդակի վրա` միջազգային չափանիշներին համապատասխան",-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահի հավաստմամբ, էներգետիկ անվտանգության, եւ, մասնավորապես, ատոմային էներգետիկայի ոլորտում անվտանգության խնդիրը եղել եւ մնում է ամենակարեւոր առաջնահերթություններից ինչպես երկրի ղեկավարի, այնպես էլ` կառավարության համար:
ՀՀ նախագահը բարձր է գնահատում նաեւ ՄԱԳԱՏԷ-ի դերը միջազգային տեխնիկական աջակցության տրամադրման գործում: Իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ ատոմակայանի երկրորդ բլոկի անվտանգության բարձրացման ուղղությամբ: ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի վերագործարկումից հետո անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվել են 90 միլիոն ԱՄՆ դոլարի աշխատանքներ: Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ցուցաբերում են աջակցություն բլոկի գործարկումից հետո անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար:
"Չնայած տարածվող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, մենք հույս ունենք առաջվա պես պահպանել տնտեսության աճի բարձր տեմպերը եւ ցածր գնաճը: Հայկական բանկերի բարձր կապիտալիզացիայի պարագայում այդ հնարավորությունը կօգնի թեթեւացնել ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Մենք հասկանում ենք, որ այդ ճգնաժամից առանց կորուստների դուրս գալ հնարավոր չէ, սակայն դրանք հնարավոր է եւ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել: Ներկայումս երկրում մակրոտնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է կայուն եւ կանխատեսելի",-ընդգծել է ՀՀ նախագահը:
Նա նշել է նաեւ, որ Հայաստանը գազիֆիկացիայի բարձր մակարդակով աչքի ընկնող երկրներից է: Էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումն իրականացվում է Իրան-Հայաստան գազատարի կառուցմամբ, որը հենց երեկ միացավ երկրի ներքին գազամատակարարման ցանցին: Միաժամանակ երկրում իրականացվում է գազապաստարանի արդիականացման ինտենսիվ աշխատանք: Երեւանի ՋԷԿ-ում սկսվել է համակցված շոգեգազային ցիկլով 270 ՄՎտ հզորությամվ էներգաբլոկի կառուցումը: Այդ նախագիծը, երկրի ղեկավարի գնահատմամբ, ֆիզիկապես եւ բարոյապես մաշված ջերմային հզորությունների ամբողջությամբ արդիականացնելու հավակնոտ ծրագրի միայն առաջին քայլն է: Նա հույս է հայտնել, որ 2010թ-ի առաջին կեսին կավարտվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումն ու արդիականացումը:
Նախագահը կարեւոր փաստաթուղթ ու ոլորտում նպատակաուղղված աշխատանքի կարեւորագույն ուղեցույց է համարել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գործունեության ծրագիրը, որը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ոգուց: Ծրագրում մատնանշվում է երկրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ծայրաստիճան մեծածավալ ծրագրի ռազմավարական նշանակությունը` նոր էներգաբլոկի կառուցումը ստացել է առաջնահերթ ազգային ծրագրի կարգավիճակ, որի իրագործման կոնկրետ քայլերն արդեն կատարված են:
Հայաստանը միացել է նաեւ ուրանի հարստացման միջազգային ծրագրին եւ նախատեսում է ուրանի արդյունահանման ու վերամշակման հայ-ռուսական համատեղ ձեռնարկության հիմնում: Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը ստորագրել է ատոմային էներգետիկայի համընդհանուր գործընկերության կազմակերպությունում մասնակցության համաձայնագիր:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը շնորհավորել է Հայաստանին` էներգետիկ համակարգի զարգացման գործում կատարած արդյունավետ աշխատանքի համար:
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը նիստի մասնակիցներին ներկայացրել է նախորդ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: