18
11, 2008

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Մարգարեթ Թումին /նստավայրը` Մոսկվա/:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա անմիջական մասնակցությամբ կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ կապերն ավելի գործնական դարձնելու ուղղությամբ:

Քննարկելով հայ-ավստրալիական hամագործակցության հեռանկարը, զրուցակիցներն առաջնային են դիտել միմյանց հնարավորություններին ծանոթանալը, փոխադարձ շփումներն ու տեղեկատվության փոխանակումը, ինչը թույլ կտան ուրվագծել գրավիչ ոլորտները: Կարեւորվել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Սերժ Սարգսյանը երկու երկրները շաղկապող ամուր կամուրջ է համարել ավստրալահայ համայնքը: Դեսպանի խոսքով, ավստրալահայերը պահպանելով իրենց ազգային ինքնությունը, կրում են հայ ժողովրդի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը, եւ միաժամանակ, լիարժեքորեն ինտեգրված են երկրի կյանքում ու իրենց ներդրումն ունեն հասարակության զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցությանը բազմակողմ ֆորումներում, եւ գոհունակությամբ ընդգծել միջազգային ատյաններում երկու երկրների արդյունավետ գործակցությունը: Նախագահը բարձր է գնահատել Ավստրալիայի հավասարակշիռ մոտեցումը տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:

← Վերադառնալ