17
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դը Վիլիեի գլխավորած պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դը Վիլիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի փոխնախագահներ:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին` Հայաստանին օժանդակելու, հայ-ֆրանսիական բարեկամությունը խորացնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերի համար, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունը, երկու ժողովուրդների փոխադարձ ջերմությունը գալիս է դարերի խորքից: "Հայ ժողովրդի կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես շատ մոտ, բարեկամ պետություն, որը խորությամբ է նայում Հայաստանի խնդիրներին եւ գործուն աջակցություն է ցուցաբերում դրանց լուծմանը",- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ֆիլիպ դը Վիլիեն ասել է, որ իրենք Հայաստանի համար սրտով բարեկամներ են: Նրա խոսքով, Վանդեան Ֆրանսիայի թիվ մեկ նահանգն է, որտեղ կենտրոնացված են ամենաշատ ձեռնարկություններն ու հիմնական աշխատուժը, եւ այս իմաստով իրենց փորձը Հայաստանի համար օգտակար կարող է լինել:

Նշելով, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 120 ձեռնարկություններ, Նախագահը հույս է հայտնել, որ Վանդեայի ձեռնարկությունները եւս մուտք կգործեն մեր երկիր: "Ձեր ներկայությունը նաեւ եվրոպական արդյունաբերական, գյուղատնտեսական մշակույթի ներմուծում է Հայաստան",-ասել է նա:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել ուսուցիչների վերապատրաստնման ոլորտում համագործակցության համար` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը վերջերս դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ:

Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ Երեւանում ունեցած քննարկումների արդյունքում արդեն իսկ ուրվագծել են փոխգործակցության ընդհանուր ուղղությունները եւ մտադիր են իրականացնել բավականին հավակնոտ ծրագրեր:

← Վերադառնալ