13
11, 2008

Աշխատանքային խորհրդակցություն` Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների վերաբերյալ

album picture
album picture
album picture
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ողջ համալիրն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամները, կառավարության անդամներ, շահագրգիռ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի մանրամասները եւ առաջադրել է Եվրամիության հետ փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված որոշակի խնդիրներ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ բրյուսելյան այցի ծրագիրը բավականին հագեցված էր. երեք օրվա ընթացքում կայացել են քսանից ավելի հանդիպումներ` Եվրամիության գրեթե ողջ նախագահության հետ, եւ մի քանի հարցազրույցներ` եվրոպական առաջատար լրատվամիջոցներին:

Բանակցություններից երկրի ղեկավարի առաջին տպավորությունն այն է, որ Եվրամիության կառույցները, նրանց ներկայացուցիչներն ակնհայտորեն գոհ են Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից եւ կատարված աշխատանքից, եւ երկրորդը` կա կամեցողություն` շարունակել ու խորացնել հարաբերություններն, ավելի համարձակ ծրագրեր իրականացնել:

Նախագահն ասել է, որ հանդիպումների ընթացքում, բնականաբար, խոսվել է նաեւ ընդհանուր քաղաքական հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, սակայն քննարկումների հիմնական թեման եղել է Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը, եւ այն կոնկրետ խնդիրները, որոնք Հայաստանն առաջարկում է եվրոպական կառույցներին լուծել` երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհին:

Ընդգծելով Եվրոպային ավելի մերձենալու մեր երկրի ցանկությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ “հայկական կողմն որպես առաջին քայլեր, այս փուլում առաջարկում է, որպեսզի դյուրացվեն մեր քաղաքացիների շփումներն արտոնագրային ավելի մեղմ ռեժիմ սահմանելու միջոցով, որպեսզի ստեղծվեն առեւտուր անելու համար հավասար պայմաններ, այսինքն` մեր տնտեսությունը ճանաչվի որպես շուկայական տնտեսություն եւ ստորագրվի ազատ առեւտրի պայմանագիր": Ըստ Նախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել` արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ մեր երկրում դատաիրավական բարեփոխումների հետ կապված Եվրամիության արդարադատության, ազատության կոմիտեի հետ միասին ենթահանձնաժողով ստեղծելու մասին եւ մոտ ժամանակներս այն կձեւավորվի: ԵՄ Առեւտրի հանձնակատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` դեկտեմբերի ամսին փորձագետ-խորհրդատուների խումբ Հայաստան գործուղելու վերաբերյալ: Նրանք հայ պաշտոնյաների հետ կմշակեն գործողությունների հստակ ժամանակացույց: Փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Հայաստան` Եվրամիության խորհրդատուների խումբ ուղարկելու մասին, որը կօգնի գործողությունների ծրագրի իրականացմանը:

Շեշտելով, որ կա երկուստեք պատրաստակամություն` ավելի խորացնել հարաբերությունները, Նախագահն ասել է. “Մենք այս աշխատանքներին պետք է վերաբերենք ոչ թե որպես մի ծրագիր, որով պարտավորություններ ենք ստանձնել, այլ` որպես աշխատանք, որը հնարավորություն է տալիս շարունակել բարեփոխումները մեր երկրում, եւ, իրոք, բարեփոխումներ իրականացնելու մի գործիք է”:

Նախագահի կարծիքով, գործողությունների նոր ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կլինի Եվրամիության Արեւելյան քաղաքականության շրջանակում եւ կունենա երկու առանձնահատկություն. առաջինն` ավելի ակնհայտ ու ցայտուն կլինի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, եւ երկրորդը` հարեւանության մասնակիցների համար կնախատեսվեն փոխգործակցության տարբեր չափեր ու խորություններ` կախված նրանից, թե երկիրն ինչքանով է դրան պատրաստ:

Երկրի ղեկավարը պահանջել է ամենայն աչալրջությամբ մոտենալ նոր ծրագրի ձեւավորմանը, եւ նախարարներին ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է` անձնական հսկողություն սահմանել իրենց ոլորտներին առնչվող աշխատանքների նկատմամբ:

Խորհրդակցության ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացնել է գործողությունների ծրագրի ընթացքը, տարբեր ուղղություններով 2008 թվականին կատարված աշխատանքը` նշելով, որ դրանք 2007-ին սկսած գործողությունների շարունակությունն են: Նախարարն ասել է, որ 2008 թվականին կատարածի վերաբերյալ հաշվետվություն Հայաստանը կներկայացնի դեկտեմբերին 9-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը եւ նշել, որ շահագրգիռ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա ձեւավորվել է գործողությունների նոր, բավականին հավակնոտ փաթեթ, որը քննարկումների եւ հետագա համագործակցության համար լավ հիմք կարող է ծառայել:

← Վերադառնալ